Փաշինյան. սկսած 2022-ից՝ ՀՀ-ն մոտ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին

Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին: Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած 2022 թվականից», – գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ “Արդյունաբերական ընկերություն” ԲԸ-ն ձեռք էր բերել ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60% – ը և 2021 թվականի սեպտեմբերի 30-ին իր բաժնեմասի 25% – ը նվիրաբերել էր Հայաստանի կառավարությանը։ 2022 թվականի մարտի 24-ին կառավարությունը որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի ևս 6,875%-ը՝ այդպիսով դառնալով կոմբինատի բաժնետոմսերի  21,875%-ի կամ 1/5 բաժնեմասի սեփականատերը։

2024 թ. դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հաղորդել էր, որ ԶՊՄԿ-ը որպես կառավարության շահաբաժին պետական բյուջե է փոխանցել 33 միլիարդ 249 միլիոն դրամ: “Ուշադրություն դարձրեք, սա՝ գումարած վճարված հարկերը որպես շահույթի մասնաբաժին, որովհետև 2021 թվականից կառավարությունը ԶՊՄԿ – ի բաժնետեր է, ինչպես խոստացել էի”, – նշել էր վարչապետը:

Արդյունքում՝ Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակում տարիներ շարունակ առաջատար դիրք զբաղեցրած ԶՊՄԿ-ն այս տարվա առաջին եռամսյակում չի ընդգրկվել ցուցակում: Մինչդեռ, ԶՊՄԿ-ն 2024 թվականի արդյունքներով գլխավորել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը։ Կոմբինատն այս ցուցակում առաջին տեղն է զբաղեցրել չորս տարի անընդմեջ։

Այդ առնչությամբ ձեռնարկության մամուլի ծառայությունը հանդես էր եկել առանձին հայտարարությամբ: “ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը բաժին է ընկնում ուղղակի հարկերին.  շահութահարկ և ռոյալթիներ, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց կողմից վճարվող հարկերի զգալի մասը բաժին է ընկնում ԱԱՀ-ին: 2024 թվականի արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիների կանխավճարներն ընկերությանը վերադարձվել են առաջին եռամսյակում, ինչի արդյունքում առաջին եռամսյակի ընդհանուր տարբերությունը կազմել է 19,5 մլրդ դրամ։ Հետևաբար, հնարավոր չէ գնահատել ԶՊՄԿ-ի հարկերի մակարդակը առաջին եռամսյակի ցուցանիշներով, դրանք պետք է դիտարկել տարեկան կտրվածքով, քանի որ իրական հարկային վճարումները ամբողջությամբ տեսանելի կլինեն տարեվերջին: Նախորդ տարվա հարկային կանխավճարների սրբագրումն ամփոփվում է առաջին եռամսյակում ՝ վերջնական հաշվետվության հիման վրա: Բնականաբար, հաջորդ եռամսյակում կարտացոլվեն ԶՊՄԿ – ի վճարած հարկերը կիսամյակային կտրվածքով, իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը, անկասկած, կրկին առաջատար դիրքեր կզբաղեցնի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում”, – ասվում էր հաղորդագրության մեջ:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, իր հերթին, հունիսի 9-ին խորհրդարանում հայտարարել էր, որ 2024 թվականի արդյունքներով ԶՊՄԿ-ում 2023 թվականի համեմատ իրացման ծավալների նվազում է արձանագրվել, ինչի կապակցությամբ նվազել է 2025 թվականին վճարման ենթակա ռոյալթիների գումարը: Բացի այդ, քանի որ 2024 թվականին ձեռնարկությունը զգալի հարկային կանխավճարներ է կատարել, վճարված գումարի մի մասը 2025 թվականի առաջին եռամսյակում վերադարձվել է։ “Եթե չեմ սխալվում, վերադարձվել է 21-22 մլրդ դրամ, ինչի պատճառով ԶՊՄԿ-ը զուտ տեխնիկապես դուրս է մնացել 1000 խոշորագույն հարկատուների ցուցակից: Դա չի նշանակում, թե ձեռնարկությունը հաջորդ եռամսյակում չի լինի այս ցուցակում”, – նշել էր գլխավոր հարկայինը։

“Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ-ն (Zangezur Copper Molybdenum Combine CJSC) (ԶՊՄԿ) Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունն է: Կոմբինատը շահագործում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը։

ajax-loader