2000-ից ավելի ստուգում, 1,7 մլրդ դրամի տուգանք․ տեսչական մարմինն ամփոփում է տարին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականին իրականացրել է 2000-ից ավելի ստուգում և ուսումնասիրություն, ինչպես նաև 65 000-ից ավելի վերահսկողական այլ միջոցառումներ։ Արդյունքում ընդունվել է 7000-ից ավելի վարչական ակտ, իսկ նշանակված պատասխանատվության միջոցների ընդհանուր հանրագումարը գերազանցում է 1.7 մլրդ դրամը։ Հրավիրած ասուլիսին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանը տեղեկացրեց, որ վերահսկողական միջոցառումները խստացվել են բոլոր ուղղություններով։

«2023 թվականին իրականացված աշխատանքների ծավալը գերազանցում է ոչ միայն 2022 թվականի, այլև դրան նախորդած տարիներին իրականացրած աշխատանքների հանրագումարը։ Տեսչական մարմինն ուշադրության կենտրոնում է պահում ոլորտային բոլոր խնդիրներ։ Մենք բազամթիվ իրազեկման, խորհրդատվական աշխատանքներ ենք կատարում տնտեսվարողների շրջանում։ Իմ անձնական դիտարկակմամբ, շատ դեպքերում խախտումները ոչ թե դիտավորության հետ են կապված, այլ՝ իրազեկման պակասի»,-ասաց Գարեգին Խաչատրյանը։  

Խոսելով տրանսպորտի անվտանգության ոլորտում իրականացված աշխատանքից՝ Գարեգին Խաչատրյանը տեղեկացրեց, որ 2023 թվականի ընթացքում շուրջ 7000 վերահսկողական միջոցառում է իրականացվել, հայտնաբերվել է 1400-ից  ավելի խախտում։ Տրանսպորտի անվտանգության ոոլորտում տեսչական մարմնի կողմից վերահսկողություն է իրականացվում նաև ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների կշռման գործընթացում։ 2023 թվականին կշռման է ենթարկվել շուրջ 57 հազար տրանսպորտային միջոց, որից 3500-ի դեպքում գրանցվել է թույլատրելի բեռնվածության գերազանցում։

Քիչ չեն խնդիրները քաղաքաշինության ոլորտում։ Տեսչական մարմինը 2023 թվականի ընթացքում իրականացրել է 750 ստուգում և դիտարկում, որի արդյունքում արձանագրել է 400-ից ավելի խախտում։ Ուշադրության կենտրոնում են եղել սուբվենցիոն ծրագրերը, որոնց շրջանակում իրականացվել է 500-ից ավելի դիտարկում և տրամադրվել է 150-ից ավելի ակտ-կարգադրագրեր հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

 Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Սուրեն Մինասյանը, ներկայացնելով մանրամասներ, նշեց, որ քաղաքաշինական սուբյեկտների նկատմամբ իրականացվել է վարչարարություն։

«Խախտումներն ամենատարբեր բնույթի են, օրինակ հաճախ հանդիպողներից է վարման մատյանների թերի լրացումը։  Դրանից բացի, ունեցել ենք բազմաթիվ դեպքեր, երբ կապալառու կազմակերպությունը շեղվել էր նախնական հաստատված նախագծերից։ Օրինակ, ճանապարհաշինարարության դեպքում առաջնորդվել էր ըստ տեղանքի, որը մեր դիտարկումներով նախագծի շեղում էր։ Նաև ունենք խնդիրներ՝ արձանագրված որակի հետ կապված»,- ասաց Սուրեն Մինասյանը։ Տեսչական մարմնի ղեկավարը տեղեկացրեց, որ բոլոր խախտումների մասով տրվել է պարտադիր կատարման ցուցումներ ու հետևողական աշխատանք է տարվել, որ բոլոր խնդիրները վերացվեն։  

ajax-loader