Հայաստանը Պանամայի քաղաքացիների համար սահմանում է առանց մուտքի վիզայի ռեժիմ

Կառավարությունը Պանամայի Հանրապետության քաղաքացիների համար սահմանեց Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ։ Hամապատասխան որոշման նախագիծը ընդունվել է կառավարության` սեպտեմբերի 7-ի նիստի օրակարգում։

Նախագծի հիմնավորվման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Պանամայի Հանրապետության հետ մուտքի վիզային ռեժիմի վերացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և այդ երկրի միջև համագործակցային հարաբերությունների զարգացման և ամրապնդման քայլերով: Այն նաև փոխադարձում է Պանամայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացման որոշմանը։ Պանամայի կողմից միակողմանի հանված է վիզային պահանջը մոտ 40 պետությունների, այդ թվում նաև Հայաստանի պարագայում։

«Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի վիզայի ռեժիմ ունի Հարավային Ամերիկայի մի շարք երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության, Ուրուգվայի Արևելյան Հանրապետության և Էկվադորի Հանրապետության (ՀՀ կառավարության որոշում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա) հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական անձնագրեր կրող քաղաքացիների դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի Հանրապետության հետ:

Աշխատանքներ են տարվում Պերուի հետ բոլոր տեսակի անձնագրերի պարագայում վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագրի կնքման ուղղությամբ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ։

Որոշման ընդունումը թույլ կտա Պանամայի Հանրապետության քաղաքացիներին այցելել և մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում` ազատելով նրանց մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից: Այն կնպաստի Հայաստանի և Պանամայի միջև քաղաքացիների այցելությունների և զբոսաշրջության զարգացմանը, գործարար կապերի խթանմանը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

ajax-loader