Աշխարհում դիաբետով հիվանդների թիվը 1990-ից ավելացել է ավելի քան չորս անգամ. ԱՀԿ

1-ին կամ 2-րդ տեսակի դիաբետով հիվանդների թիվն աշխարհում ավելացել է ավելի քան չորս անգամ 1990-ից ի վեր՝ 2022թ. գերազանցելով 800 մլն-ը։ Այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ հղում կատարելով The Lancet գիտական ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքներին։

«2022թ. մոտ 828 մլն մեծահասակ (18 եւ բարձր տարիքի) տառապել է դիաբետով, ինչը 630 մլն-ով ավելի է, քան 1990թ.»,- նշվել է հոդվածում։ 1990-2022թթ. «դիաբետի տարածվածությունն ավելացել է 131 երկրներում կանանց եւ 155 երկրներում տղամարդկանց համար»։ Ամենամեծ աճը նկատվել է ցածր եւ միջին եկամուտի մակարդակ ունեցող երկրներում, Հարավարեւելյան Ասիայում եւ Հարավային Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում, նչպես նաեւ Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում։

Հետազոտության հեղինակները եկել են այն եզրահանգման, որ 2022թ. դիաբետի «ամենացածր տարածվածությունը եղել է Արեւմտյան Եվրոպայում եւ Արեւելյան Աֆրիկայում երկու սեռերի համար, ինչպես նաեւ Ճապոնիայում եւ Կանադայում կանանց շրջանում», իսկ ամենաբարձր տարածվածությունը՝ Պոլինեզիայում եւ Միկրոնեզիայում, Կարիբյան ավազանի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի որոշ պետություններում, ինչպես նաեւ Պակիստանում եւ Մալայզիայում։ 2022թ. 445 մլն մեծահասակ  (30 եւ բարձր տարիքի), որոնք տառապել են դիաբետով, բուժում չի ստացել, ինչը 3,5 անգամ ավելի է, քան 1990թ.։ 1990-2022թթ. «դիաբետի բուժման ընդգրկումն ավելացել է 118 երկրներում կանանց եւ 98 երկրներում տղամարդկանց համար»։

Ընդ որում, «տեղի չի ունեցել բուժման ընդգրկման ավելացում» Սահարայից հարավ Աֆրիկայի երկրների մեծ մասում, Կարիբյան ավազանում, Խաղաղ օվկիանոսի կղզեպետություններում, ինչպես նաեւ Հարավային, Հարավարեւելյան եւ Կենտրոնական Ասիայում։ Աֆրիկյան որոշ երկրներում բուժում ստանում է 10 տոկոսից քիչ մարդ։ Բուժման ընդգրկումը կազմել է 55 եւ ավելի տոկոս Կորեայի Հանրապետությունում, արեւմտյան շատ երկրներում, որոնք եկամուտի բարձր մակարդակ ունեն, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի որոշ երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, Լեհաստանում եւ Չեխիայում, ինչպես նաեւ Լատինական Ամերիկայում (Կոստա Ռիկա, Չիլի եւ Մեքսիկա), Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում (Հորդանան, Կատար եւ Քուվեյթ)։ «Դիաբետի բեռը ավելի հաճախ ընկնում է ցածր եւ միջին եկամուտի մակարդակ ունեցող երկրների վրա»,- նշվել է հետազոտությունում։

Խոսքը «ինչպես դիաբետով հիվանդացության, այնպես էլ դրա բուժման միտումների առաջին գլոբալ ուսումնասիրության մասին է, որին մասնակցել են բոլոր երկրները», նշել են ԱՀԿ-ում։ Այս գիտական աշխատանքում, որը պատրաստվել է ԱՀԿ մասնակցությամբ, գիտնականներն «օգտագործել են ավելի քան 140 մլն մարդկանց տվյալները»։ Հրապարակումը Lancet ամսագրում նվիրված է նոյեմբերի 14-ին նշվող Դիաբետի դեմ պայքարի համաշխարհային օրվան։

ajax-loader