Պետական և մասնավոր հատվածում օրենքով կստեղծվի հեռավար աշխատանքի հնարավորություն

Ազգային ժողովի աշխատանքի և սոցիալական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց նոր նախագծի, որով Հայաստանում կարգավորվում է հեռավար աշխատանքը՝ պետական թե մասնավոր հատվածում հեռավար աշխատանքի հնարավորություն կստեղծվի:

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Այս պահին օրենքում կա կարգավորում հեռավար աշխատանքի համար, սակայն դա վերաբերում է միայն ճգնաժամային իրավիճակների ժամանակահատվածին:

Փոխնախարարը ներկայացրեց միջազգային վիճակագրությունը: Օրինակ՝ ԱՄՆ աշխատաշուկայում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդեն 2023-ի փետրվարին գրասենյակային աշխատանք է իրականացնում մոտ 20 տոկոսը, իսկ մնացածը՝ մոտ 80 տոկոսը կամ ամբողջությամբ հեռավար կամ հիբրիդային: Նույն միտումն է նկատվում Եվրոպայում:

Նախագծով ֆիքսվել է, որ հեռավար աշխատանքը կատարվում է աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնությամբ, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել նաև հեռավար եղանակով: Աշխատանքը հեռավար կատարելու մասին կողմերի համաձայնությունը ձևակերպվում է գրավոր, որն աշխատանքի էական պայմանների փոփոխություն չի համարվում:

Աշխատանքային պարտականությունները հեռավար եղանակով կատարելու ժամանակահատվածում աշխատողը պետք է ապահովի աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարումը, ինչպես նաև գործատուի համար իր հասանելիությունը` փոխադարձ համաձայնեցված եղանակով: Աշխատողի մեղքով սույն մասով սահմանված պահանջի չկատարումը համարվում է աշխատանքային կարգապահության խախտում:

Այս փոփոխություններն ընդունելուց հետո հնարավոր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում հեռավար աշխատանք իրականացնել:

«Կարծում ենք, որ այս ամբողջը կբերի արդյունավետության բարձրացման և, ըստ էության, այլ երկրներից նոր աշխատուժ ներգրավելուն, որը կնպաստի տարբեր ոլորտներում բարձր արտադրողականության աճին, նաև՝ տնտեսության աճին, զուգահեռաբար կբերի իր դրական ազդեցությունը նաև բնապահպանական ոլորտում»,-ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ դա նաև ապահովելու է ներառականությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար:

ajax-loader