ՀՀ-ն Եվրամիություն-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին

Տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված երկրորդ ծրագրի շրջանակում Հայաստանը «Ամբեր Կապիտալ» ընկերության կողմից կառավարվող ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում ձեռք կբերի մասնաբաժին:

Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում:

Ըստ հիմնավորման՝ ֆոնդը գործում է կոմերցիոն սկզբունքով եւ շահույթ հետապնդող կազմակերպություն է, որի մանդատն ուղղակի ներդրումների կատարումն է երկրում գործող մասնավոր ընկերությունների բաժնետիրական կապիտալի մեջ:

««ԵՄ-Հայաստան ֆոնդի» բնականոն գործունեության համար վերջինիս անհրաժեշտ է ծրագրով նախատեսված միջոցներից ներգրավել $1 միլիոնին համարժեք 387 040 000 դրամի չափով ֆինանսական միջոցներ։ Ակնկալվում է ՀՀ կառավարության կողմից 1 մլն դրամ, որը կստեղծի մուլտիպլիկատիվ էֆեկտ ՀՀ տնտեսության համար, ինչն իր հերթին կհանգեցնի հավելյալ միջոցներ ՀՀ տնտեսության մեջ ընդգրկելուն։

Ակնկալվում է նաեւ, որ ներդրումը կխթանի տնտեսության մեջ այլընտրանքային ֆինանսական գործիքների կիրառմանը եւ կապիտալի շուկաների զարգացմանը:   

Ֆոնդի գործունեության հիմնական առանձնահատկությունն այն է, որ վերջինս ներդրումներն իրականացնում է ընկերությունների սեփական կապիտալում՝ ներառյալ փոխարկելի ապրանքների, երաշխիքների կամ համանման այլ գործիքների միջոցով։ Գործունեության հիմնական թիրախն են փոքր եւ միջին ձեռնարկությունները»,- ասված է հիմնավորման մեջ:

ajax-loader