Զինծառայողը կրակել է ծառայակցի ուղղությամբ, այնուհետև ինքնասպան եղել․ ՔԿ

Հայաստանի քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել մարտական դիրքում Հայաստանի զինված ուժերի երկու զինծառայողների մահվան դեպքի վերաբերյալ։

Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2023թ. օգոստոսի 27-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում նույն մարտական դիրքի դիտորդ զինծառայող Ա․ Հ․-ն իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից մահացու հրազենային վիրավորում է պատճառել նույն դիրքի ավագ, զինծառայող Ա. Խ.-ին, այնուհետև նույն զենքով իր կզակի շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը)  և 522-րդ հոդվածի (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից) 2-րդ մասի ՝3-րդ կետով (522-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է  մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում)  նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Նախնական տվյալներով կատարվածը կապված է միջանձնային, ոչ կանոնագրքային հարաբերությունների հետ։

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ դեռևս չպարզված հանգամանքներում օգոստոսի 27-ին հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊՆ N զորամասի զինծառայողներ Արտյոմ Արայի Հայկազյանը և Արմեն Հայկի Խաչատրյանը:

ajax-loader