ՊՆ-ն փաստերով հերքում է Ադրբեջանի հերթական կեղծիքը. տեսանյութ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է տարածել, որով հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած կեղծիքն այն մասին, թե հայ-ադրբեջանական սահմանի արևելյան գոտում Հայաստանի զինված ուժերի դիվերսիոն խումբ է ներթափանցել։   

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ:

Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»:

Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

ajax-loader