Վարչապետը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի հարազատներին:

«Ցնցված եմ Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի լուրից: Ճանապարհային անվտանգության խնդիրը գտնվում է կառավարության օրակարգի առաջնահերթությունների թվում: Ավտոմեքենաների անընդհատ աճող թվի պայմաններում 2022 թվականին 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը նվազել էր:

Շիրակի մարզի վթարին մասնակից երկու ավտոմեքենաները, ըստ նախնական տեղեկությունների, ունեցել են եւ՛ տեխզննում, եւ՛ ԱՊՊԱ պայմանագիր, վարորդները ունեցել են իրավազոր վարորդական իրավունքներ: Մնացած հարցերի պատասխանը կտա քննությունը:

Ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը ավելացնելու համար ձեռնարկվում են եւ կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր, որոնք կարող են առավել արդյունավետ լինել այդ թվում աշխատանքային, տեխնիկական, ճանապարհային ստանդարտների առավել հետեւողական ներդրման եւ վերահսկման միջոցով:

Ցավակցում եմ բոլոր ավտովթարների բոլոր զոհերի բոլոր հարազատներին»,- ՀՀ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի հետևանքով մահացել է 11 քաղաքացի: Կա հինգ՝ ծանր, մեկ՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժած:

ajax-loader