ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին զորք տեղակայելու քննարկմանը

ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը․ Կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին։ Այդ մասին «РИА Новости»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«ՀԱՊԿ-ի անդամ պետությունները երբեք չեն հրաժարվել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված ջանքերից և բազմիցս հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ գտնելու կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեր հայ ընկերներին առավելագույն օգուտով գործի դնել կազմակերպության լայն հնարավորությունները։ Մենք դեռևս ակնկալում ենք Երևանից դրական արձագանք և պատրաստ ենք վերսկսել բովանդակային աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի, ինչպես նաև մեր դաշնակցին օգնելու այլ համատեղ միջոցառումների շուրջ»,- ասել է Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում համոզված են, որ «համապատասխան որոշումների ընդունումը դրական ազդեցություն կունենա ընդհանուր տարածաշրջանային իրավիճակի վրա»։

«Եվս մեկ անգամ շեշտեմ՝ մենք պատրաստ ենք նման կառուցողական աշխատանքի», – հավելել է պաշտոնյան։

Նա նաև նշել է, որ ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում է ցանկացած խնդիր։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամենաբարդերից է, այն ունի խորը պատմական արմատներ: Կայուն կարգավորման միակ ճանապարհը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետևողական կարգավորումն է՝ բանակցությունների հիման վրա, կողմերի փոխադարձ հարգանքը, փոխզիջումների գնալու, պատասխանատու որոշումներ կայացնելու և դրանք իրականացնելու նրանց պատրաստակամությունը։ Այս համատեքստում ես չեմ կարող չնշել այս դժվարին գործընթացում Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի առանցքային միջնորդական դերը», – հավելել է Աղասանդյանը։

ajax-loader