Ֆրանսիայի խորհրդարանը հոկտեմբերի 16-ին քվեարկության կդնի կառավարությանը վստահություն հայտնելու հարցը

Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) հոկտեմբերի 16-ի առավոտյան քվեարկության կդնի կառավարությանը անվստահություն հայտնելու վերաբերյալ ընդդիմադիր կուսակցությունների կողմից առաջարկված երկու բանաձև։ Այս մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը։

Այս բանաձևերը քննարկելու նիստը նախատեսված է տեղական ժամանակով ժամը 09:00-ին։

Հոկտեմբերի 13-ին ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիա» (ԱՖ) և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունները Ազգային ժողով են ներկայացրել կառավարությանը անվստահություն հայտնելու մասին բանաձևերի երկու նախագիծ։ Որպեսզի դրանք հանգեցնեն ներկայիս կառավարության հրաժարականին, անհրաժեշտ է հավաքել պատգամավորների 289 ձայն։ ԶԼՄ-ների հաշվարկներով՝ 265 պատգամավոր մտադիր է քվեարկել կառավարությանը անվստահություն հայտնելու օգտին, նրանց մեծամասնություն ստանալու համար պակասում է 24 ձայն։

Այս հարցում առանցքային դեր կարող են ունենալ Սոցիալիստական կուսակցության պատգամավորները, որի առաջնորդ Օլիվիե Ֆորը խոստացել էր աջակցել անվստահության քվեին, եթե կառավարությունը չկասեցնի կամ չեղարկի կենսաթոշակային բարեփոխումը։ Միաժամանակ, BFMTV-ի տվյալներով, Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն այժմ քննարկում է բարեփոխման մասնակի կասեցման հնարավորությունը՝ մինչև 2027 թվականը թոշակի անցնելու նվազագույն տարիքը չբարձրացնելու հաշվին։ Հետևաբար, ձախերն սպասում են Ազգային ժողովում վարչապետի ելույթին, որը նախատեսված է տեղական ժամանակով երեքշաբթի օրը՝ ժամը 15:00-ին։ Սակայն, բարեփոխման չեղարկմանը դեմ են հանդես գալիս «Հանրապետականներ» աջակողմյան կուսակցության որոշ պատգամավորներ, որոնք նման քայլի դեպքում կարող են ընդդիմանալ կառավարությանը։

ajax-loader