Գյումրիում մայիսի 17-ին պաշտոնապես ազդարարվել է «Իսահակյան-150» հոբելյանական միջոցառումների մեկնարկը․ Մտորումների թատրոնը վարպետի տուն-թանգարանում ներկայացրել է «Ալագյազի մանիներ» առաջնախաղը՝ Ավետիք Իսահակյանի համանուն պոեմի մոտիվներով: Հոբելյանական միջոցառումներն այսքանով չեն ավարտվում:
«Մշակված են տարբեր միջոցառումներ ու նախագծեր, որոնք պետք է իրականացնենք վարպետի ծննդյան 150-ամյակի շրջանակներում։ Այս պահին բոլոր համայնքապատկան կրթական, մշակութային կառույցներն իրենց ստեղծագործական խմբերով ու անհատ կատարողներով պատրաստվում են հոբելյանական մեծ միջոցառմանը, մասնավորապես ձայնագրվում են Իսահակյանի խոսքերով գրված երգերը, դրանց հիման վրա բեմադրություններ են արվում ու նկարահանվում։
Նկարչական ու արվեստի կրթօջախներում իսահակյանական մոտիվներով ու թեմաներով ստեղծագործական շարքեր են ծնվում։ Այս ամբողջը ներկայացվելու է ցուցադրությունների, համերգային բեմադրությունների, թատերական ներկայացումների, գրական քննարկումների, ինչպես նաև ուսանողական և աշակերտական ընթերցումների տեսքով»,- նշեց Գյումրիի համայնքապետարանի Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը՝ հավելելով, որ տոնական միջոցառումները կավարտվեն Իսահակյանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 30-ին, մեծ փառատոնով՝ հետաքրքիր ձևաչափով։
Տարվա ընթացքում իսահակյանական միջոցառումները տարբեր ձևաչափերով կիրականացվեն նաև նկարչական դպրոցում, մանկապատանեկան արվեստի պալատում, երաժշտական և արվեստի դպրոցներում, տիկնիկային թատրոնում, երիտասարդական պալատում։ Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը ևս ունի առանձին միջոցառումների ցանկ և մասշտաբային նախագծեր։