Կներդնի թատրոնների և համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել

Մշակութային կազմակերպությունները, ստանալով ֆինանսավորում պետական բյուջեից, պետք է հոգ տանեն սեփական եկամուտների ավելացման ուղղությամբ, և այս չափանիշով պետք է իրականացվի մշակութային կազմակերպությունների կառավարման որակի գնահատումը: Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով թատերահամերգային կազմակերպությունների ֆինանսավորման փորձնական մոդելի ներդրման ծրագիրը։

«Թատերական ներկայացումներից ստացված հասույթը 2021 թվականին կազմել է 773,9 միլիոն դրամ, միջին հաշվով 1 ներկայացման մուտքի վճարումներից հասույթ է եղել 264 հազար դրամի չափով:

Այս ընթացքում Կառավարությունը էական ներդրումներ է արել թատրոնների և համերգասրահների ենթակառուցվածքների բարելավման համար: Նախորդ տարի հատկացվել էին ռեկորդային միջոցներ 1 միլիարդ 284 միլիոն դրամի չափով, և այս իրավիճակում ունենք այն հանգամանքը, որ մշակութային հաստատությունների պայմանների բարելավումը բարձրացրել է նաև հանրությանը մատուցվող ծառայությունների որակը, կազմակերպության սեփական եկամուտների ծավալը, և հաստատությունների 90 տոկոսը գրանցել է սեփական եկամուտների աճ՝ 2019 թվականի համեմատ»,- ընդգծեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով՝ մշակութային հաստատությունների սեփական եկամուտների աճը խթանելու նպատակով ԿԳՄՍՆ-ն մշակել և առաջարկում է ներդնել թատրոնների ու համերգասրահների ֆինանսավորման նոր մոդել:

«Ֆինանսավորման փորձնական մոդելի շրջանակներում յուրաքանչյուր տարի թատերահամերգային կազմակերպությանը կտրամադրվի իր կողմից կանխատեսվող սեփական եկամուտների կրկնապատիկի չափով գումար: Այդ գումարը կարող է օգտագործվել պահպանման ծախսերի, աշխատակիցների վարձատրության բարձացման, նոր, վերափոխված ներկայացումների բեմադրության, հյուրախաղերի անհրաժեշտ կապիտալ ծասերի համար»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը հայտնեց, որ այս տարի ֆինանսավորման փորձնական մոդելը կներդրվի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

ajax-loader