Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կգործի առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին համաձայնագիրը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 6-ի նիտում հավանություն տվեց Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագրի կնքումը նպատակահարմար է անօրինական միգրացիայի դեմ պայքարի տեսանկյունից, քանի որ հետընդունման համաձայնագրերի կնքումը դիտվում է որպես անօրինական միգրացիայի դեմ պայքարի արդյունավետ գործիքներից մեկը:  Երկու պետությունների միջև նման համաձայնագրի կնքումն առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանը և Վրաստանը սահմանակից պետություններ են:

Հայաստանի և Վրաստանի միջև հետընդունման հարցերը կարգավորող միջազգային պայմանագրի կնքումը.

Հնարավորություն կտա համատեղ և համակարգված քայլեր իրականացնել երկու երկրների տարածքներում անօրինական կարգավիճակում գտնվող ինչպես սեփական քաղաքացիների, այնպես էլ՝  երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման և վերադարձի կազմակերպման   հարցերում:

Իրավական հիմք կստեղծի հետընդունման գործընթացի կարգավորման համար` սահմանելով Կողմերի քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերի ցանկը, երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հետընդունման համար հիմքերի առկայության ապացույց հանդիսացող փաստաթղթերի ցանկը,անձանց ուղեկցմամբ փոխանցելու կարգը, հարցազրույցների անցկացման կարգը,անձի հետընդունման մասին հարցման ձևը, ժամկետները և այլ հարցեր:

Կնպաստի միգրացիայի ոլորտում արդյունավետ համագործակցության   զարգացմանը:

ajax-loader