Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին. վարչապետ

Այսօր` հուլիսի 6-ին, Կառավարության հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով կենսաթոշակի բարձրացման մասին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանից հետաքրքրվեց՝ արդյոք հենց հուլիսի 1-ից արդեն քաղաքացիները ստացել են կամ ստանում են բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները: Ինչին փոխնախարարը դրական արձագանքեց:

Վարչապետը հերթական անգամ հիշեցրեց տեղի ունեցող բարձրացման նշանային լինելն ու շեշտեց մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակը իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին:

«Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող թոշակով ՀՀ բոլոր թոշակառուներն իրենց պարենային նվազագույն կարիքներն այլեւս կարող են հոգալ: Սա առաջին անգամ է մեր երկրի պատմության մեջ՝ մենք նման համապասխանություն ունենք, առավել եւս, երբ մեր սիրելի կենսաթոշակառուները օգտվում են հետվճարի ծրագրից, արդեն ավելի բարձր ցուցանիշ կունենանք»,- եզրափակեց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեռևս Կառավարության հունիսի 29 նիստում 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացման նախագիծը հավանության է արժանացել։
Ըստ այդմ՝
. նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվում է 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
. աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը սահմանվում է 24,000 դրամ (21,000 դրամի փոխարեն),
. զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվում է 1,750 դրամ (1,600 դրամի փոխարեն),
. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`
1) ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 50,600 դրամ (46,000 դրամի փոխարեն),
2) ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 41,400 դրամ (36,000 դրամի փոխարեն),
3) ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն),
. պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 38,000 դրամ (33,000 դրամի փոխարեն), իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 120,000 դրամ (90,000 դրամի փոխարեն)։

Հուլիսի 1-ից ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը նույնպես կավելանան՝

. ծերության նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով (1-ին խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 39,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով (2-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 37,500 դրամ (31,600 դրամի փոխարեն),
. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով (3-րդ խմբի հաշմանդամություն) հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն),
. կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 36,000 դրամ (31,600 դրամի փոխարեն)։

Կառավարության ծրագրի համաձայն, պետական կենսաթոշակների չափերը մինչև 2026 թվականը պարբերաբար կբարձրացվեն․ նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը համապատասխանաբար կհավասարեցվեն պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին:

ajax-loader