Չհայտարարագրված ծխախոտի արտահանման դեպքեր են բացահայտվել․կան կալանավորվածներ

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ բացահայտվել են Հայաստանից խոշոր խմբաքանակներով չհայտարարագրված ծխախոտի արտահանման և արտահանման փորձի, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու դեպքեր։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 2022 թ․ ապրիլի 4-ին ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնում մաքսային զննման արդյունքում «ԴԱՖ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 25 արկղ «ARMADA» և 25 արկղ «GAMMA» տեսակի չհայտարարագրված ծխախոտ։ Դրանց տուփերի վրա, որպես արտադրող, նշված է եղել «Ար.Տոբակո» ՓԲ ընկերություն:

Բացի այդ, 2023 թ. ապրիլի 22-ին «էրեբունի» օդանավակայանի տարածքում զննության են ենթարկվել «Իլ 76» մակնիշի բեռնատար օդանավում և օդանավի կողքը կանգնած թվով 7 բեռնատարներում առկա ապրանքները։ Արդյունքում, հայտնաբերվել է «Classic», «Panorama», «Bleck», «Armada», «Tigranakert» մակնիշների 980 արկղ (49,000 բլոկ կամ 490,000 տուփ) առանց ակցիզային դրոշմանիշերի ծխախոտ, որոնց արտադրող է նշված եղել «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն։

Արդյունքում «Ար. Տոբակո» ՓԲԸ-ի կողմից պետությանը պատճառվել է 188.397.650 ՀՀ դրամի վնաս։

Բացի այդ, ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել այն մասին, որ 05.03.2023 թ., 11.03.2023թ. երկու ֆիզիկական անձինք Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունում հայտարարագրել են համապատասխանաբար 19.405 կգ և 20.240 կգ թարմ խնձորի, իսկ 07.06.2023թ․մեկ այլ ֆիզիկական անձ՝ 1500 արկղ 16,684 կգ թարմ կեռասի արտահանում ՀՀ-ից դեպի ԵԱՏՄ անդամ ՌԴ՝ տարբեր ստացող ընկերությունների անուններով։ Համապատասխան բեռնատարները Վերին Lարսի անցակետում ՌԴ մաքսային մարմինների կողմից կանգնեցվելու և զննության ենթարկվելու արդյունքում պարզվել է, որ արկղերում լցված խնձորի, և կեռասի տակ առկա է առանց ակցիզային դրոշմանիշերի՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ արտադրության, «Armada», «Gamma», «Panorama» ֆիրմային անուններով ծխախոտ, որի ընդհանուր քանակը կազմել է 53.399 բլոկ կամ 533 990 տուփ)։

Հաշվի առնելով, որ նշված խմբաքանակների համար դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր, չի ձևակերպվել համապատասխան մատակարարում՝ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ի կողմից ԱԱՀ-ի և ակցիզային հարկի պակաս հաշվարկման և վճարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 205.311.145 ՀՀ դրամի վնաս։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազաներում առկա տվյալների համաձայն’ «Ար.Տոբակո» ՓԲԸ-ն երբևէ ՀՀ տարածքում հաշվարկային փաստաթղթերով ծխախոտ չի մատակարարել:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ ՊԵԿ-ում, նաև ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված մի քանի քրեական վարույթները միացվել են մեկ վարույթում, որով նախաքննությունը ներկայումս իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում։ Հաշվի առնելով քննության ծավալը, անաչառ ու համակողմանի նախաքննություն ապահովելու անհրաժեշտությունը՝ ձևավորվել է քննչական խումբ։

2023 թ․ հունիսի 23-ին խուզարկություն է կատարվել «Ար.Տոբակո» ընկերության գործունեության վայրում, որի արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գրանցված ընկերությունը իրականացնում է ծխախոտի արտադրություն։

Նույն օրը, նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա, վարույթն իրականացնող մարմինը հսկող դատախազին ներկայացրել է միջնորդություն՝ նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Ընկերության սեփականատերը և տնօրենը ձերբակալվել են՝ դատարան ներկայացվելու համար։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները, 24.06.2023թ․ որոշումներով նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը 2 ամիս ժամկետով։

Նախաքննությունը շարունակվում է։

ajax-loader