Մայիսի 13-ին կկայանա «Էլվիս Փրեսլիի և Ֆրեդի Մերկուրիի լավագույն հիթեր» խորագրով համերգ, որի ընթացքում լեգենդների ստեղծագործությունները կկատարի Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ իտալացի սաքսոֆոնահար, դիրիժոր Ֆեդերիկո Մոնդելչիի և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մասնակցությամբ:
Միջոցառումը տեղի կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգին կհնչեն սիրված երգիչների լավագույն երգերի գործիքային կատարումները՝ իտալացի գործիքավորող և տրոմբոնահար Մասսիմո Մորգանտիի մշակմամբ:
Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հրաշալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը՝ հիանալի։ Ամեն անգամ Հայաստանից մեկնելիս փաստում է՝ կրկին վերադառնալու մեծ ցանկություն ունի: Մոնդելչին մշտապես հանդես է գալիս նոր ծրագրերով և ներկայանում նոր գաղափարներով։
Մասիմո Մորգանտին ևս հասցրել է հանդես գալ Հայաստանում, ջերմ ընդունելության արժանացել ու սիրել հանդիսատեսին։