Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիան» իր բաժնետոմսերի 12.5%-ը նվիրաբերել է կառավարությանը

«Լիդիան Արմենիա» ընկերությունը Հայաստանի կառավարությանը կնվիրաբերի իր կապիտալի 12.5% բաժնետոմսերը․ 2023-ին կառավարության, Եվրասիական զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսված է դիտարկել Ամուլսարի հանքավայրի նախապատրաստական, շինարարական և հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը: Այդ մասին այսօր՝ կառավարության նիստի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նկատելով՝ ծրագրի արդյունավետ իրագործման համար Լիդիան ընկերությունը պարտավորվել է ապահովել առնվազն 250 միլիոն դոլարի չափով ներդրումներ.

«Հուշագրի շրջանակներում ընկերությունը պարտավորվել է նաև Կառավարությանը նվիրատվությամբ տրամադրել Լիդիան ընկերության կանոնադրական կապիտալի 12,5 տոկոս բաժնետոմսերը: Նախածով առաջարկվում է ընդունել հուշագրից բխող բաժնետոմսերի նվիրատվությունը համաձայն որի ՀՀ-ն Լիդիան Արմենիա ՓԲԸ-ի կողմից թողարկած 5000 դրամ անվանական արժեքով բաժնետոմսերի 12,5 տոկոսը, այսինքն 12,503 հատ բաժնետոմսեր կնդունվի»,- նշեց Իսպիրյանը:

Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ վերջին 5-6 տարվա ընթացքում պարբերաբար առնչվել են Ամուլսարի հանքի հետ կապված խնդիրներին, եղել են բազմաթիվ մտահոգություններ, ու կառավարությունը հետեւողական է եղել բոլոր մտահոգություններին:

«Այն ժամանակ, երբ մենք բոլոր հարցերի պատասխանները ստացել ենք, հնարավոր ենք համարել նախագծի շարունակումը։ Ողջունելի է՝ ներդրողները ցանկացել են, որ Հայաստանի ժողովուրդը՝ ի դեմս կառավարության, մասնակցություն ու բաժնեմաս ունենա նախագծում: Այս դեպքում բաժնետոմսերի 12.5%-ը կանցնի ՀՀ կառավարությանը՝ այսինքն ժողովրդին»,- կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր տարի ազդակիր համայնքներին կվճարվի $7 միլիոն. ազդակիր համայնքներն են Ջերմուկը, Սիսիանը եւ Վայքը:

«Ամուլսարի հանքի շահագործումն այս մոդելով բազմաթիվ մտահոգություններ է փարատում ու լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսական աճի ու տնտեսական զարգացման համար։

Մենք հույս ունենք, որ, իսկապես, Ամուլսարի հանքը կլինի հանքարդյունաբերության ոլորտում նոր ստանդարտների ներդրման հարթակ: Որպես բաժնետեր կառավարությունն այս հարցում կլինի հետեւողական»,- եզրափակել է Փաշինյանը:

ajax-loader