12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ. բացվեց Երևանի գլխավոր ծաղկանոցը և ճեմուղին

12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ, 14 հազար թուփ. Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ բացվեց մայրաքաղաքի գլխավոր ծաղկանոցը և ճեմուղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծաղկանոցի վրա ընդհանուր ծախսվել է 22 մլն դրամ:

«Այստեղ տնկված է 12 մշտադալար ծառ, 38 հազար ծաղիկ, որոնցից կեսից ավելին բազմամյա են, տնկված է շուրջ 14 հազար թուփ, ինչպես նաև բերվել է 200 խորանարդ մետր հողախառնուրդ, անցկացված է 2800 գծամետր ոռոգման բոլորվին նոր անձրևացման համակարգ: Ոռոգման ցանցն արժեցել է մոտ 1 մլն 900 հազար դրամ, 20 մլն 209 հազար դրամ արժեցել է ամբողջ բուսազանգվածը: Ընդհանուր առմամբ ծախսվել է 22 մլն դրամ՝ մոտ 60 հազար դոլար»,-այս մասին նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:

Բեգոյանը հույս հայտնեց, որ ծաղկանոցը շրջապատող շինություններով հանդերձ կհայտնվի տուրիստական կատալոգներում: Նա ընդգծեց, որ Երևանը նման ծաղկանոց չի ունեցել, որը նաև հնարավորություն կտա քաղաքացիներին անմիջական շփում ունենալ ծաղիկների հետ:

«Կիրառվել են նոր մեթոդներ, բերվել են նոր տեսակի թփեր: Ծաղկանոցն իր մեջ կրում է խիստ հայկական սիմվոլներ, ինչպես նաև ծաղկանոցի մի հատվածն ամեն տարի հնարավորություն կլինի յուրովի ձևավորել»,- նշեց նա:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի զարգացման գծով տնօրենի տեղակալ Արթուր Խալաթյանը նշեց՝ ծաղկանոցը հիմնելուց լանդշավտային ճարտարապետության և դիզայնի վարչության կողմից հաշվի է առնվել Երևան քաղաքի ընդհանուր ճարտարապետությունը: Նրա խոսքով՝ այս հատվածում շեշտը դրվել է մշտադալարների և բազմամյաների վրա: Հաշվի են առել նաև քամու գործոնը:

«Մշտադալար թփերն իրականացնում են բոլոր օգտակար գործողությունները՝ փոշու, աղմուկի կլանում, իրենք կենդանի ցանկապատներ են: Եթե մենք այստեղ ունենայինք առավել շատ ծառեր, այստեղ ծառերը կունենային ուղղվածություն, նաև հաշվի ենք առել հարակից շենքը, շինությունների ճարտարապետական ճոխությունը: Ծաղկանոցը այստեղ զարդ է և չի կուրացնում շենք-շինություններին»,- եզրափակեց Խալաթյանը:

ajax-loader