«Ռուսաստանի փոստն» ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան

«Ռուսաստանի փոստը» («Почта России») ուղիղ ավիափոխադրումներ է գործարկել Միներալնիե Վոդիից Երևան։ Այդ մասին ТАСС-ին հայտնել են փոստային օպերատորի մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի փոստն» «Ազիմուտ» ավիաընկերության հետ ստորագրել է համաձայնագիր Միներալնիե Վոդիի Լերմոնտովի անվան օդանավակայանից Հայաստանի մայրաքաղաք կանոնավոր չվերթերով միջազգային ծանրոցների ամենօրյա փոխադրման շուրջ։ Այժմ Ստավրոպոլի երկրամասից և Հյուսիսային Կովկասի հանրապետություններից փոստի հաճախորդների ծանրոցները Երևան կհասցվեն ուղիղ գծով՝ շրջանցելով Մոսկվան», – հայտնել են մամուլի ծառայությունում։

Լերմոնտովի անվան օդանավակայանի համար Երևանը առաջին միջազգային փոստային ուղղությունն է։ «Ռուսաստանի փոստը» նաև դիտարկում է Միներալնիե Վոդիի օդանավակայանում ապագայում փոստային փոխանակման լիարժեք միջազգային կետի բացման հնարավորությունը։

Ինչպես պարզաբանել է «Ռուսաստանի փոստի» էլեկտրոնային առևտրի Հյուսիսային Կովկասի մակրոտարածաշրջանի փոխտնօրեն Վիտալի Աֆանասևը, որի խոսքը մեջբերված է հաղորդագրության մեջ, երթուղով ուղիղ հաղորդակցությունը լրջորեն կկրճատի փոստային առաքումների ժամանակը։ Թեստերի ավարտից հետո դա կհանգեցնի ծառայության արժեքի նվազման՝ լոգիստիկական շղթայի օպտիմալացման շնորհիվ։

Աֆանասևը հավելել է, որ «Ռուսաստանի փոստը» Միներալնիե Վոդիից Երևան ուղիղ չվերթերի գործարկմամբ նախատեսում է կրկնապատկել Հայաստանի մայրաքաղաք ուղարկվող ծանրոցների քանակը։ Այսպես, 2022 թվականին դրանց թիվը եղել է հազարից փոքր-ինչ ավելի:

ajax-loader