Մարզերում կներդրվեն պրոբացիայի շրջիկ գրասենյակներ

Արդարադատության նախարարությունը որոշ մարզերում կներդնի շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի շահառուների ընդունելիությունը համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթների դեպքում։ Կառավարության հերթական նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Ինչպես գիտեք, քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ պրոբացիայի ծառայության գործառույթները գրեթե կրկնապատկվել են՝ ծառայության կողմից նոր պատիժների կատարմամբ, ինչպես նաև՝ նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված, մասնավորապես, ազատության սահմանափակումը, իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման ապահովումը, այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք և վարչական հսկողություն, անվտանգության միջոցներ՝ որոշակի վայրեր այցելելու արգելքը կիրառելու և հոգեբանական օգնություն ստանալու պարտականությունը կատարելու ապահովումը:

Միևնույն ժամանակ պրոբացիայի շահառուների և պրոբացիայի ծառայողների վարույթում գտնվող գործերի քանակի շարունակական աճի շոշափելի դինամիկայով պայմանավորված համապատասխանաբար ավելացել են նաև պրոբացիայի ծառայողների այցերը պրոբացիայի շահառուների բնակության կամ աշխատանքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող և այլ անհարաժեշտ վայրեր։

Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ վերոնշյալ խնդիրներից խուսափելու և ծառայության գրասենյակների օպտիմալացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի շահառուների ընդունելիությունը համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները։ Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերում, կհաշվառեն, կբացատրեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,- ասաց Մինասյանը։

Նախարարը նշեց նաև, որ ձեռք են բերելու ևս մեկ մարդատար 17 նստատեղով ավտոմեքենա, որը նույնպես կահավորված կլինի գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով։ Այն կնպաստի Արարատի մարզի Արարատ քաղաքում նոր բացված պրոբացիայի կենտրոնի վերկանանգնողական ծրագրերի իրականացմանը։

«Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, այն է՝ արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները պետք է ենթադրեն ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերասոցիալականացման և վերականգնողական արդարադատության գաղափարախոսությանը»,- ասաց Մինասյանը։

Պրոբացիայի ծառայությունն իր աշխատանքներն իրականացնում է Երևան քաղաքում, ՀՀ մարզային 27 գրասենյակներում և մեկ մասնագիտական ուսումնական կենտրոնում։ Արդյունքում նախատեսվում է փակել 9 գրասենյակ, դրանց ռեսուրսը կկենտրոնացվի մարզային մարմինների կենտրոնական գրասենյակներում:

ajax-loader