ԿԽՄԿ-ի միջոցով 11 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել՝ մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

«Օգոստոսի 18-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 երեխա, 8-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. որից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերից բնապահպանական կեղծ հիմնավորումներով սահմանափակել էր երթևեկությունն Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով։ Սկզբնական շրջանում, այնուամենայնիվ, ՌԴ խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ որոշակի հումանիտար օգնություն Լեռնային Ղարաբաղ հասնում էր, սակայն Լաչինի միջանցքի երթուղին փոխելուց հետո՝ 2023 թվականի ապրիլին, Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել միջանցքում, իսկ հունիսի 15-ից ամբողջությամբ արգելափակել է երթևեկությունը միջանցքով։ Միջանցքի ամբողջական արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը բախվում է էթնիկ զտման ենթարկվելու սպառնալիքին։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն ամբողջությամբ զրկված է սննդի, վառելիքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումներից։ Օրերս Արցախում նաև սովամահության, չնծված երեխայի մահվան դեպքեր էին գրանցվել։ 

ajax-loader