Հայաստանի պետական շահերի պաշտպանության հայցերով վերականգնվել է 11 միլիոն 106 հազար դրամի վնաս

Նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարվել է 212 ուսումնասիրություն, հայտնաբերվել է 428 իրավախախտում։ Այդ մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը՝ հրապարակելով 2022 թվականի գործունեության մասին հաղորդում։ 

Դատախազության ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, մասնավորեցման, սոցիալական ապահովության բնապահպանության, ընդերքօգտագործման, առողջապահության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտները:

«Պետությանը պատճառված վնասների վերականգնման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով՝ պետական մարմիններին ներկայացվել է 27 հաղորդում և միջնորդագիր։

Հաշվետու և նախորդ ժամանակաշրջաններում բավարարված հայցերով փաստացի վերականգնվել է 11 միլիոն 106 հազար դրամ: Հաշվետու ժամանակահատվածում դատարաններ է ներկայացվել ընդհանուր 91 հայց՝ 27 մլրդ 124 մլն 116 հազար դրամի բռնագանձման պահանջով (2021 թվականի ընթացքում՝ 74 հայց՝ 624 մլն 461 հազար դրամի բռնագանձման պահանջով): Դատարաններում բավարարվել է 70 միլիոն 389 հազար դրամ հայցապահանջով 27 հայց (2021 թվականին՝ 264 մլն 855 հազար դրամ հայցապահանջով 39 հայց), շուրջ 33 միլիարդ 889 մլն 454 հազար դրամ հայցապահանջով 157 հայցի քննություն ընթացքի մեջ է։ Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հարուցվել է 14 քրեական գործ (վարույթ), 27 դեպքով ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար (2021 թվականին՝ 115), ներկայացվել է հանցանքի մասին 40 հաղորդում՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար։ Պետության շահերին հասցված վնասը վերականգնելու համար նախազգուշացվել է 10 անձ»,- նշված է հաղորդման մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով (այդ թվում՝ քրեական դատավարության կարգով) հարուցված քրեական գործերով վարույթներով), քննչական մարմիններ ուղարկված նյութերով և ներկայացված հանցանքի մասին հաղորդումներով արձանագրված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 39 մլրդ 945 մլն 824 հազար դրամ (2021 թվականին՝ 30 մլրդ 75 մլն 532 հազար դրամ)։

« 2022 թվականի ընթացքում քրեական գործերի հարուցումների թվաքանակի զգալի նվազումը պայմանավորված է ՀՀ նոր քրեական օրենսգրքի ուժի մեջ մտնելու և դատախազի կողմից քրեական գործ հարուցելու լիազորության դադարեցման հանգամանքով, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի հանձնարարականով, որի համաձայն, դատախազների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ տվյալներ, հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ հայտնաբերելիս, ստացված տվյալները, առանց քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու՝ անհապաղ փոխանցվում են Հակակոռուպցիոն կոմիտե՝ հետագա ընթացքը քրեադատավարական կարգով լուծելու համար: Պետական շահերի պաշտպանության ոլորտում հայտնաբերված խախտումների զգալի մասն առնչվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ տվյալներին, և դատախազները գործել են ՀՀ գլխավոր դատախազի վերոհիշյալ հանձնարարականի համաձայն»,- ասված է հաղորդման մեջ։

ajax-loader