Աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով Սոթքի բաց հանքի աշխատանքը դադարեցվել է

Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բաց հանքի աշխատանքը դադարեցվել է։ Այդ մասին հայտնում է «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։ Ընկերությունից հայտնում են, որ Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։ Արդյունքում ընկերությունը բախվել է ֆորս մաժորային իրավիճակի:

Նշվել է, որ ապրիլի 14-ից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

«Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային»,– ասված է հաղորդագրությունում։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունը անձնակազմին ուղարկել է հարկադիր պարապուրդի` աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով։

Հայաստանում աշխատելու տարիներին ընկերությունը ներդրել է ավելի քան 400 մլն դոլար։

«Գեոպրոմայնինգ» ընկերությունների խումբը Հայաստանում գործում է 2007 թվականից: Բացի Զանգեզուրի և Ագարակի կոմբինատներից (որոնք գործում են համապատասխանաբար Քաջարանի և Ագարակի հանքավայրերում), խմբի հայկական ակտիվները ներառում են Սոթքի ոսկու հանքը:

ajax-loader