Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը պարզաբանեց, թե ինչու այս տարվա առաջին եռամսյակում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը չի հայտնվել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում:
Հակոբյանը թեմային անդրադարձավ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների մասին հաշվետվության ներկայացմանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:
Պատգամավորը նկատեց, որ սա բացառիկ դեպք է, որ կոմբինատը ընդգրկված չէ 1000 խոշոր հարկատուների ցանկում:
«2024–ի արդյունքներով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ունեցել է իրացումների նվազում՝ 2023–ի համեմատ: Այդ պատճառով 2025–ի վճարման ենթակա ռոյալթին նվազել է: Բացի այդ, քանի որ 2024–ին վճարվել էր ավելի մեծ կանխավճար, դրա մի մասն առաջին եռամսյակում վերադարձվել է: Եթե չեմ սխալվում, մոտ 21–22 մլրդ դրամի մասին է խոսքը․ սա մեկանգամյա գործարքի արդյունքում կատարված վերադարձ է: Այդ 21–22 մլրդի պատճառով կոմբինատը միանգամից դուրս է եկել 1000 խոշոր հարկ վճարողների ցանկից»,– ասաց ՊԵԿ նախագահը:
Հակոբյանը հավելեց՝ սակայն, դա դեռ չի նշանակում, թե հաջորդ եռամսյակում կոմբինատը չի հայտնվելու 1000 խոշոր հարկատուների ցանկում: