Հայաստանում փետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին աջակցելու ծրագիրը, եւ 1 000 մարդ արդեն դարձել է շահառու։ Այս մասին փետրվարի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Նա տեղեկացրել է, որ Հայաստանում կա մոտ 220 հազար անհուսալի վարկ ունեցող մարդ՝ չբացառելով, որ այսօր այդ ցուցանիշը կարող է աճել։ Նրա գնահատմամբ՝ այս թվի մոտ 60 տոկոսը կարող է դառնալ ծրագրի շահառու։
Պաշտոնյան հիշեցրել է, որ աջակցության ծրագրից կարող են օգտվել նրանք, ովքեր վարկային պարտավորություններ ունեն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում եւ վարկային հաստատություններում, բոլոր վարկերի գծով մայր պարտքի ընդհանուր գումարը հայտի օրվա դրությամբ կազմում է 1 մլն դրամից պակաս, եւ այդ վարկերը առնվազն 3 տարի համարվել են անհուսալի։
Նա պարզաբանել է, որ եթե մարդն ունի 271 եւ ավելի օրերի չսպասարկվող վարկ, ապա այս վարկը համարվում է անհուսալի, իսկ եթե այս ժամկետից անցել է առնվազն 3 տարի, ապա պետությունը կարծում է, որ պետք է օգնի նման քաղաքացիներին։ Խաչատրյանը պարզաբանել է, որ 1 մլն դրամից բարձր գումարի դեպքում կարող է վճարում կատարվել՝ չմարված մայր գումարը հասցնելով 1 մլն դրամի, ինչպես նաեւ դիմել աջակցության համար։
Նա նշել է, որ աջակցության չափը կազմվելու է վարկի դիմաց աշխատավարձից հաշվարկված եկամտահարկի գումարից եւ ուղղված է լինելու շահառուի պարտքերի մարմանը։ «Այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից։ Այսինքն՝ շահառուն երկու տարի կկարողանա օգտվել այս ծրագրից։ Շահառու ճանաչվելու դեպքում վարկի սպասարկման համար աշխատավարձից պահվող գումարը նախատեսվում է սահմանել 20 տոկոս՝ 24 ամիս ժամկետով (նախկին մինչեւ 50 տոկոս սահմանաչափի փոխարեն)»,- ավելացրել է փոխնախարարը։