Արցախից բռնի տեղահանվել է 100 հազար 417 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած բռնի տեղահանվածների թիվը հասել է 100 հազար 417-ի:

Այդ մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

«Այս ժամի հասանելի տվյալներով, ընդհանուր առմամբ ԼՂ-ից բռնի տեղահանվել է  100 հազար 417 անձ: Հակարիի կամուրջն այս պահի դրությամբ հատել է 21 հազար 43 տրանսպորտային միջոց»,-ասաց Բաղդասարյանը:

 Հաշվառված անձանց թիվը կազմում է 81 հազար 139:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը: Սեպտեմբերի 25-ին Իվանյանում (Խոջալու) տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը, իսկ սեպտեմբերի 29-ին Եվլախում կայացավ արդեն երրորդ հանդիպումը: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

ajax-loader