Բրիտանական բանակը ցամաքային զորքերի զինծառայողներին թույլ կտա մորուք պահել՝ չեղարկելով 100-ամյա արգելքը: Այդ մասին հաղորդում է Telegraph պարբերականը։
Հրատարակության տվյալներով՝ հրամանագիրը, որով մորուք պահել կթույլատրվի ինչպես սպաներին, այնպես էլ զինվորներին, մարտի 28-ին ստորագրել է Չարլզ III թագավորը՝ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը։
Հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 29-ին, որպեսզի զինվորները, որոնք գտնվում են Զատկի արձակուրդում, ժամանակ ունենան այդ ընթացքում մորուք աճեցնել, ենթադրում է Telegraph-ը։
Արգելքի վերացումը կապված է բանակում նորակոչիկների համալրման ճգնաժամի քննարկման հետ։ Պաշտպանության նախարար Գրանտ Շափսը քննարկումների ժամանակ, մասնավորապես, հայտարարել էր, որ մորուք պահելու արգելքը «ծիծաղելի է»։ Ռազմաօդային ուժերում և Թագավորական նավատորմում ծառայող զինվորականներին մորուք պահել թույլատրվում է։
Հրամանագրում նշվում է, որ մորուքը պետք է լինի «խնամված» և համապատասխանի զինծառայողների կոկիկ տեսքի սկզբունքներին ու չափանիշներին։