Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) պարզաբանում է տարածել ապրիլի 26-ին իրականացված Երեւան-Կապան առաջին փորձնական չվերթի հետ կապված։
«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։
«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են եւ այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով», – ասվում է հաղորդագրության մեջ:
ԶՊՄԿ-ում նշել են, որ օդանավակայանի, թռիչքուղու եւ այլ ենթակառուցվածքների կառուցման համար ներդրվել է ավելի քան 2,5 միլիարդ դրամ, գույքի ձեռքբերման, վերապատրաստման եւ օդանավակայանի այլ ծախսերի համար՝ 300 միլիոն դրամ, օդանավի ձեռքբերման եւ պահպանության ծախսերի համար՝ 7 միլիարդ դրամ:
«Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի եւ ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից տրամադրված միջոցներով»,- ասված է ԶՊՄԿ հաղորդագրության մեջ: