Հոնկոնգում առգրավել են 10 մլն դոլարի ոսկի՝ քողարկված որպես պահեստամասեր

Հոնկոնգի իշխանությունները կասեցրել են օդային կոմպրեսորների մասերի քողի տակ ոսկու խոշոր խմբաքանակ մաքսանենգ ճանապարհով արտահանելու փորձը: Այդ մասին հայտարարություն է տարածել Հոնկոնգի մաքսային վարչությունը։

Մոտավորապես 146 կգ թանկարժեք մետաղը՝ 10,7 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ, վերաձուլվել էր տարբեր մասերի ձևով, որոնք այնուհետև ներկվել էին արծաթագույն։ Բեռն առգրավվել էր ինքնաթիռում մարտի վերջին կատարված ստուգման ժամանակ:

Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա կասկածյալին։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել, հետաքննությունը շարունակվում է։ Տղամարդուն սպառնում է մինչև 2 միլիոն դոլար գումարի տուգանք և մինչև յոթ տարվա ազատազրկում։

Թանկարժեք մետաղը նախատեսվում էր տեղափոխել Ճապոնիա։

Ըստ CNBC պարբերականի՝ մաքսատան պաշտոնյաներից մեկը լրագրողներին հայտնել է, որ քողարկումը հարկավոր է եղել ներմուծման համար մոտավորապես 10 % մաքսատուրք վճարելուց խուսափելու համար, ինչի շնորհիվ հնարավոր կլիներ խնայել ավելի քան 1 միլիոն դոլար, եթե մաքսանենգությունը հաջողվեր։

Ոսկին տարեսկզբից կտրուկ թանկացել է աշխարհաքաղաքական անորոշության, տոկոսադրույքների նվազման ակնկալիքների և աշխարհի կենտրոնական բանկերի կողմից պահանջարկի ֆոնին: Սակարկությունների արդյունքում այս թանկարժեք մետաղի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի Comex բորսայում ապրիլի 8-ին հասել են պատմական նոր առավելագույնի՝ մեկ տրոյական ունցիայի դիմաց 2351 դոլարի:

ajax-loader