Կառավարությունը գումար հատկացրեց անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագիրը շարունակելու համար

Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների վճարման գործընթացն ապահովելու համար․ նախագիծը հավանության է արժանացել Կառավարության նիստում։ 

2023 թ․ սեպտեմբեր ամսվա դրությամբ՝ ծրագրից օգտվում է 149927 շահառու․ 1 շահառուի գծով հաշվարկված հետվճարի (առանց եկամտային հարկի) միջին ամսական գումարը սեպտեմբեր ամսին կազմել է 3,212 դրամ: 2023 թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների համար ձևավորվել է ընդհանուր առմամբ շուրջ 3 մլրդ 331 մլն դրամ հետվճար, իսկ ծրագրի մեկնարկից մինչև 2023 թ. սեպտեմբեր ամիսը ներառյալ՝ շուրջ 4 մլրդ 130 մլն դրամ։ 

Կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիներն, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։ Հետվճարը գործում է նաև այն դեպքում, եթե կոմունալ վճարումները կատարվել են քարտը թողարկած բանկոմատների կամ բանկի էլեկտրոնային  հավելվածի (մոբայլ բանկինգ) միջոցով։ Ծրագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ այս պահին համագործակցող բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկը, Արդշինբանկը, Հայբիզնեսբանկը, Ակբա բանկը, Հայէկոնոմբանկը և Յունիբանկը։

ajax-loader