Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է 2023-ի 1000 խոշոր հարկատուների ցանկը, որում ինչպես 2022-ին ներառված են մի շարք ՏՏ ընկերություններ։ Ստորև ներկայացնում ենք այս ընկերությունների թոփ տասնյակը։
2023-ին ՏՏ ընկերություններից առաջին տեղում է հայտնվել «ՎԻԷՄ Արմենիա»-ն (Veeam Armenia)` 7,165,807,000 դրամ հարկերով և զբաղեցրել է ընդհանուր ցուցակում 36-րդ տեղը, այն դեպքում, երբ 2022-ին այս ընկերությունը զբաղեցնում էր ցուցակի 106-րդ տեղը՝ 2,636,640,000 դրամ հարկերով։ ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում «ՎԻԷՄ Արմենիա»-ն զբաղեցնում էր երրորդ տեղը և փաստացի երկու կետով բարելավել է դիրքերը և դարձել առաջինը։
«Սինոփսիս Արմենիա» (Synopsis Armenia) ընկերությունը, որը 2022-ին ՏՏ ընկերությունների ցուցակում զբաղեցնում էր առաջին տեղը (1000 խոշոր հարկատուների ընդհանուր ցուցակում՝ 60-րդը), այս տարի զբաղեցրել է 58-րդ տեղը ընդհանուր ցուցակում և երկրորդը ՏՏ ընկերությունների մեջ՝ 5,270,593,000 դրամ վճարած հարկերով։
Երրորդ տեղում է «Էպամ Սիսթեմզ» (EPAM)՝ 4,759,328,000 դրամ հարկերով և զբաղեցնում է ընդհանուր ցուցակի 65-րդ հորիզոնականը։ 2022-ին «Էպամ Սիսթեմզ»-ը հարկատուների ընդհանուր ցուցակում 78-րդն էր՝ 3,642,418,000 դրամ հարկերով, իսկ ՏՏ ընկերությունների վարկանիշային աղյուսակում՝ 3-րդ տեղը։ Ընկերությունը մոտ 110 մլն դրամ պակաս հարկ է վճարել անցած տարի։

ՏՏ ընկերություններից ամենաշատ վճարած հարկերով չորրորդ տեղում է «Պիկսարտ»-ը (Picsart, 83-րդ տեղը ընդհանուր ցուցակում), որն անցած տարի վճարել է 3,729,260,000 դրամ հարկ։ 2022-ին այս ընկերությունը երկրորդ տեղում էր ՏՏ ընկերությունների մեջ (66-րդը ընդհանուր ցուցակում)՝ 4,077,923 դրամ հարկերով։ Ընկերությունը մոտ 300 մլն պակաս հարկ է վճարել 2023-ին։
Ցուցակի հինգերորդ տեղն է զբաղեցնում «Դատա Արտ»-ը (DataArt), որը 2023-ին վճարել է 2,872,616,000 դրամ հարկ և զբաղեցրել է ընդհանուր ցուցակի 114-րդ հորիզոնականը։ Այս ընկերության հարկերը մոտ 100 մլն դրամով նվազել են 2022-ի համեմատ՝ 2,903,213,000 դրամ։ Խոշոր հարկատուների ցանկում ընկերության դիրքերը ևս փոխվել են․ 2023-ին այն զբաղեցրել էր 95-րդ տեղը։ Իսկ ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում «Դատա Արտ»-ը զբաղեցնում էր 4-րդ հորիզոնականը։
«Սերվիսթայթան արեվելք»-ը (Service Titan) 2023-ին հայտնվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցուցակի 116-րդ հորիզոնականում՝ 2,840,598,000 դրամ հարկերով։ 2023-ին այս ընկերությունը բարելավել է իր դիքերը ընդհանուր հարկատուների ցուցակում, և մոտ 900 մլն ավելի հարկ է վճարել 2022-ին վճարած 1,983,784,000 դրամի համեմատ։ ՏՏ ընկերությունների ցուցակում այս ընկերության դիրքերը մնացել են նույն՝ այն զբաղեցնում է 6-րդ տեղը։
Հաջորդ՝ 7-րդ տեղում է «Վիէմուեր Իսթերն Յուրոփ»-ը (Vmware, ընդհանուր ցուցակում 155-րդն է), 2,016,393,000 դրամ հարկերով։ 2023-ին այս ընկերությունը մոտ 400 մլն դրամով ավելի հարկ է վճարել, նաև իր դիրքերն է բարելավել ընդհանուր հարկատուների ցուցակում (162-րդը): ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում 8-րդն էր, այսինքն՝ մեկ տեղով բարելավել է իր դիրքերը։

Թոփ տանսյակի 8-րդ հորիզոնականում է «Դեվսոֆտ ԷյԷմ» (DevSoft, ընդհանուր հարկատուների ցուցակում 177-րդը), որն անցած տարի վճարել է 1,754,125,000 դրամ, այսինքն՝ մոտ 300 մլն դրամով պակաս, քան 2022-ին (1,466,960,000 դրամ)։ ՏՏ ընկերությունների 2022-ի ցուցակում այս ընկերությունը զբաղեցնում էր 7-րդ հորիզոնականը, այսինքն՝ մեկ կետով զիջել է դիրքերը։
Ցուցակի հաջորդ՝ 9-րդ տեղում է «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» (EGS, 202-րդ ընդհանուր ցուցակում) իր 1,568,395,000 դրամ հարկերով։ Ընկերությունը 2022-ի համեմատ 2023-ին մոտ 400 մլն դրամով պակաս հարկ է վճարել։ 2022-ին 1000 խոշոր հարկատուների ցուցակում զբաղեցնում էր 136-րդ տեղը, իսկ ՏՏ ընկերությունների վարկանիշային աղյուսակում՝ 7-րդ հորիզոնականը, այսինքն՝ երկու կետով զիջել է դիրքերը։
Թոփ տասնյակը եզրափակում է «Քվանտորի ԱՄ»-ը (Quantori, 205-րդը ընդհանուր ցուցակում), որը 2023-ին վճարել է 1,539,782,000 դրամ հարկ։ 2022-ի համեմատ ընկերություն մոտ 10 մլն դրամ պակաս հարկ է վճարել։ 2022-ի ՏՏ ընկերությունների ցուցակում «Քվանտորի ԱՄ»-ը 2022-ին զբաղեցնում էր 9-րդ հորիզոնականը, այսինքն՝ 2023-ին այն մեկ կետով զիջել է իր դիրքերը։