Թբիլիսյան անշարժ գույքի շուկան տարեկան կտրվածքով 1.9% աճ է գրանցել

Ընթացիկ տարվա 7 ամիսների ընթացքում Վրաստանի մայրաքաղաքում 1 միլիարդ 708 միլիոն 500 հազար դոլարով ձեռք է բերվել ավելի քան 22 հազար բնակարան: Թբիլիսյան անշարժ գույքի շուկան այս ցուցանիշով տարեկան կտրվածքով 1.9% աճ է գրանցել:

Սակայն Թբիլիսիի անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հաշվետվության համաձայն՝ այս տարի 3.2%-ով ավելի քիչ բնակարան է վաճառվել, քան 2023 թվականի նույն ժամանակահատվածում: Միաժամանակ, նվազումը պայմանավորված է երկրորդային շուկայում իրացման ծավալների նվազմամբ, իսկ նոր անշարժ գույքի վաճառքն աճել է 1.1%-ով:

Ամենաշատ անշարժ գույքը վաճառվել է Դիդի Դիղոմի թաղամասում՝ 4195 միավոր՝ ընդհանուր 257.8 միլիոն դոլար արժեքով: Բայց անշարժ գույքի վաճառքի ֆինանսական մասով առաջատարը Սաբուրթալոն է: Այստեղ վաճառված 3625 միավոր անշարժ գույքի ընդհանուր ֆինանսական արժեքը կազմել է 392.7 միլիոն դոլար: Անշարժ գույքի պահանջարկով կենտրոնական թաղամասերն անհամեմատ զիջում են՝ չհասնելով անգամ 1000 միավորի:

Նյութի աղբյուրը՝ B24․am

ajax-loader