Կառավարությունը 1 մլրդ 800 մլն դրամ կհատկացնի քսան համայնքի 30 սուբվենցիոն ծրագրի համար

ՀՀ կառավարությունը գումար կհատկացնի ութ մարզպետների աշխատակազմերին՝ քսան համայնքների երեսուն  սուբվենցիոն ծրագրեր ֆինանսավորելու համար: Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 22-ին գումարված նիստում:

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ներկայացնելով նախագիծը, շեշտեց՝ Արագածոտնի մարզի երկու ծրագրի համար նախատեսվում է տրամադրել 42 մլն դրամ,  Արմավիրի մարզի երկու ծրագրի համար՝ 12,5 մլն դրամ,  Գեղարքունիքի մարզի 4 ծրագրի համար՝ 307 մլն դրամ,  Լոռու մարզի 6 ծրագրի համար՝  347 մլն դրամ, Կոտայքի մարզի 8 ծրագրի համար՝ 503 մլն դրամ, Շիրակի մարզի երկու ծրագրի համար՝ 124 մլն դրամ, Սյունիքի մարզի երկու ծրագրի համար՝ 173 մլն դրամ և Տավուշի մարզի  4 ծրագրի համար՝ 289 մլն դրամ:

«Նախագծի ընդունմամբ՝ հունվարի 1-ից սկսած ՀՀ կառավարությունը 17 մլրդ 116 մլն դրամ կվճարի սուբվենցիոն ծրագրերի համար»,-շեշտեց Սանոսյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ ծրագիրը մեկնարկում է Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքից, որը եզդիաբնակ է: Նա հիշեցրեց, որ փոփոխությունը սուբվենցիոն ծրագրերի բանաձևերում իրականացրել են, երբ ազգային փոքրամասնությամբ բնակչություն ունեցող  համայնքներին ավելի մեծ չափով են ֆինանսավորում:

Գնել Սանոսյանն էլ ընդգծեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որոշակի ուղիղ ծրագրերի իրականացման ուղղությամբ աշխատում են, նախագծման որոշ աշխատանքներ են իրականացվում:

Հայաստանի վարչապետը կարևորեց համայնքներում աշխատանքները, քանի որ համայնքների մեծ մասը չի խոշորացվել: Ըստ Փաշինյանի՝ սուբվենցիոն ծրագրերի հետ կապված նրանց կարողությունները էականորեն պակաս են, և պետք է աջակցել:

ajax-loader