ՀՆԱ-ի աճի վրա վերաարտահանման ազդեցությունը չի գերազանցել 1%-ը․փոխնախարար

Վերաարտահանման ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 2022 թվականին կազմել է մոտ 1 տոկոս, իսկ 2023 թվականին՝ ավելի ցածր, ինչը պայմանավորված էր պատժամիջոցների միջավայրի փոփոխությամբ, ավանդական ուղղություններին փոխարինող նոր իրողությամբ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Փոխնախարարը պարզաբանել է, որ ապրանքների այն ավելացված արժեքը, որը մտնում է Հայաստան վերաարտահանման համար, աննշան ազդեցություն է ունենում տնտեսության վրա, քանի որ դրանից օգտվում է միայն բիզնեսի ինչ-որ խումբ: Նրա խոսքով՝ էական ազդեցություն են ունեցել միայն մի քանի ճյուղեր, որոնք պարունակում էին լրացուցիչ ծառայությունների բաղադրիչ։ Այդ կապակցությամբ Գեւորգյանը որպես օրինակ նշել է էժան, վնասված ավտոմեքենաների վերաարտահանումը, որոնք վերանորոգման եւ այլ ծառայությունների կարիք ունեին։

«Լրացուցիչ ծառայությունների այս բաղադրիչն էլ ստեղծել է արդյունք»,-  ասել է փոխնախարարը։

Այդուհանդերձ, նա ընդգծել է, որ տարվա արդյունքներով հաջողվել է հասնել  լավ արդյունքների։ Մասնավորապես, Գևորգյանը հիշեցրել է, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականին գերազանցել է 9 տոկոսը, իսկ ՀՆԱ աճը, ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների, կկազմի մոտ 8,5 տոկոս։

Նշենք, որ ըստ  վիճակագրական տվյալների, Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2023 թվականի հունվար-դեկտեմբերին դանդաղել է մինչև տարեկան  9,4% (2022 թվականի 14,2% – ից)։

 Կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ), Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ), Համաշխարհային բանկի (ՀԲ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նորացված կանխատեսումներով Հայաստանի ՀՆԱ աճը 2023 թվականին ակնկալվում էր, համապատասխանաբար, 8,3%, 7%, 7,1% և 6,5% մակարդակում: Ընդ որում, 2024 թվականի համար նրանք կանխատեսում են Հայաստանի ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղում. ՀՀ ԿԲ սպասումներով՝ մինչև 6,1%, ԱՄՀ սպասումներով ՝ մինչև 5%, ՀԲ սպասումներով ՝ մինչև 4,7%, ՎԶԵԲ-ի սպասումներով ՝ մինչև 4,5%։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2023 թվականի արդյունքներով գերազանցել է 20.7 մլրդ դոլարը՝ աճի դանդաղումով մինչև 46% (2022 թվականի 68.6%- ից)։ Մասնավորապես, ծավալների աճի տեմպերի արգելակում է նկատվել ինչպես արտահանման գծով ՝ 77,7%- ից մինչև 55,3% մինչև 5,4 մլրդ դոլար, այնպես էլ ներմուծման գծով ՝ 63,5%- ից մինչև 40,2%, որոնց բացարձակ մեծությունը կազմել է համապատասխանաբար 8,4 մլրդ դոլար և 12,3 մլրդ դոլար։ Արդյունքում, Հայաստանի արտաքին առևտրի բացասական սալդոն 2023 թվականին, աճի 47,8%-ից մինչև 14,7% դանդաղմամբ, հասել է 3,9 մլրդ դոլարի:

ajax-loader