Երգեք, և YouTube Music-ը կգտնի ձեր ուզած երաժշտությունը

YouTube Music հավելվածի Android տարբերակում ավելացել է նոր գործառույթ, որը նման է Shazam-ին․ այն թույլ է տալիս երաժշտությունը որոնել հեռախոսի մոտ այն երգելու, մեղեդին շվացնելու (կամ պարզապես այլ սարքից տվյալ երգի ձայնագրությունը միացնելու) միջոցով։

Որոնման նոր ձևաչափը հասանելի է խոսափողի պատկերակի կողքին գտնվող պատկերակի միջոցով, որը հայտնվում է հավելվածի վերին աջ անկյունում գտնվող որոնման կոճակը սեղմելու դեպքում: Ինչպես նշում են օգտատերերը, որոնման արդյունքները հաճախ կախված են նրանից, թե որքան հազվադեպ է որոնվող երգը:

Նման գործառույթ Google Assistant-ում կա արդեն մի քանի տարի: Այն հասանելի է Google հավելվածում ինչպես iOS-ի, այնպես էլ Android-ի համար, ինչպես նաև Google Assistant-ում: Այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ասել «Ok Google», հետո անգլերեն հարցնել, թե ինչ երգ է դա ու մի փոքր հատված երգել այդ երգից։

Ավելի վաղ Google-ը թողարկել էր Gemini-ի ընդլայնում, որը չատբոտին թույլ է տալիս երաժշտություն նվագարկել YouTube Music-ից: Դա անելու համար հարկավոր է մուտքագրել համապատասխան հարցումներ: Օրինակ՝ Gemini-ի կարելի է խնդրել, որպեսզի գտնի և նվագարկի երաժշտություն ըստ երգի, ալբոմի, կատարողի, երգացանկի, ժանրի և այլ պարամետրի:

Google-ն արդեն որոշ ժամանակ աշխատում է YouTube Music-ն իր չատբոտին ավելացնելու վրա։ Կորպորացիան այս գործառույթի մասին հայտարարել է Google I/O 2024 համաժողովի ժամանակ: Gemini-ի ընդլայնումները թույլ են տալիս կատարել տարբեր առաջադրանքներ, այդ թվում՝ Google Maps-ում ավտոմատ նավիգացիա։

ajax-loader