Երևանի Խամաճիկների պետական թատրոնը Սանկտ Պետերբուրգում կայացած «Կուկարտ – XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնին ներկայացել է ռեժիսոր Սամսոն Մովսիսյանի «Կարապի լիճը» բեմադրությամբ։
Ներկայացումը բարձր գնահատականի են արժանացրել ինչպես հանդիսատեսը, այնպես էլ տիկնիկային արվեստի մասնագետները, ինչի արդյունքում փառատոնին արժանավայել մասնակցության համար թատրոնը պարգևատրվել է «Ոսկե» դիպլոմով։

«Կուկարտ – XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնը տիկնիկագործների միակ բարեգործական փառատոն է, որի առաքելությունն է՝ մեկ տիկնիկային թատրոն բոլորի համար:
Բիենալեի փառատոնը Սանկտ Պետերբուրգում անցկացվում է 1993 թվականից:
Փառատոնի այս տարվա ծրագիրը բաղկացած է եղել երեք բաժնից՝ «Հիմնական ծրագիր»՝ տիկնիկային թատրոնի լավագույն ներկայացումները, «Հատուկ ծրագիր»՝ «Պետրուշկա Նևսկու վրա»՝ փողոցային ներկայացումները, «Ակումբային ծրագիր»՝ տիկնիկային, փորձարարական կամ սինթետիկ նախագծերի նոր բեմադրություններն ու ներկայացումները։

«Կարապի լիճ»-ը պատմություն է արքայազնի և կարապ Օդետի սիրո մասին, որը համարվում է աշխարհի լավագույն սիրո պատմություններից մեկը։ Թեև ներկայացումը նախատեսված է ավելի հասուն հանդիսատեսի համար, այնուամենայնիվ Խամաճիկների թատրոնի պարզ և հասանելի բեմադրության շնորհիվ լավ ընդունելության արժանացավ երեխաների կողմից:
Փառատոնի շրջանակում թատրոնի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Սանկտ Պետերբուրգի մարիոնետների և Սանկտ Պետերբուրգի Տիկնիկային մեծ թատրոնի ղեկավար կազմի հետ, որի ընթացքում փորձի փոխանակման նպատակով ձեռք են բերվել պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:

Ըստ պայմանավորվածության՝ կլինեն փոխադարձ այցելություններ Երևան և Սանկտ Պետերբուրգ: Հաշվի առնելով ներկայացման նկատմամբ ցուցաբերված մեծ հետաքրքրությունը՝ հրավերներ են ստացել ելույթներ ունենալու Մոսկվայում, Եկատերինբուրգում և Կրասնոդարում: