WWF Հայաստանը մեկնարկում է «Երկրի ժամ» 2024-ը

Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղը մարտի 23-ին ժամը 20:30-ին կմեկնարկի «Երկրի ժամ 2024»-ը՝ աշխարհի ամենամեծ բնապահպանական շարժման 18-րդ միջոցառումը:

Ինչպես տեղեկանում ենք Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, այս տարի «Երկրի ժամը» կընդարձակի իր՝ մեկ ժամով լույսերն անջատելու ավանդույթը՝ դառնալով շարժում, որը կտևի ավելի քան մեկ ժամ և հրատապ քայլեր կձեռնարկի Երկրի կենդանատեսակների արագ ոչնչացման տենդենցի դեմ։

 Միջոցառման շնորհիվ  2023 թվականին մոլորակին գումարային նվիրվել է ավելի քան 410,000 ժամ՝ 190 երկրներից՝ դարձնելով անցյալ տարվա «Երկրի ժամը» երբևէ ամենամեծը։

«Այնուամենայնիվ, կանգնած լինելով բնության անդառնալի կորստի և կլիմայի փոփոխության դեմ պայքարի կրիտիկական փուլում՝ Երկրի ժամը 2024-ը կկարևորի մեկ ժամով լույսերն անջատելուց զատ մոլորակին ավելի երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու հրատապ անհրաժեշտությունը: Ըստ Living Report 2023-ի՝ Երկիրը գրեթե ամեն ժամ կորցնում է մեկ տեսակ՝ 1970 թվականից ի վեր  պոպուլյացիայի 69%-ով անկումով: Ուստի այս տարի խոսքը միայն մեկ ժամվա մասին չէ, այլ Հայաստանի և մոլորակի կենդանատեսակների պահպանության մասին:

2024-ի «Երկրի ժամը» խրախուսում է մասնակիցներին անել ավելին, քան խորհրդանշական լույսերն անջատելը՝ անդրադառնալով այս լուրջ և տագնապալի խնդրին: Արշավը կոչ է անում մարդկանց հատկացնել մեկ ժամ՝ աջակցելու  և անելու այնպիսի քայլեր, որոնք ուղղակիորեն կնպաստեն Հայաստանի և մոլորակի կենդանատեսակների պահպանմանը», – ասել է WWF Հայաստանի ֆոնդահայթայթման, համագործակցության և հաղորդակցության բաժնի ղեկավար Ժակ Նիազյանը:

WWF Հայաստանը կոչ է անում անհատներին, համայնքներին և կազմակերպություններին մարտի 23-ին ժամը 20:30-ին միանալ «Երկրի ժամ»-ին՝ ոչ միայն անջատելով էլեկտրականությունը, այլև ակտիվորեն աջակցելով երկրի տեսակների պաշտպանությանը նվիրված ծրագրերին։

2024-ի «Երկրի ժամին» իրենց մասնակցությունն են հայտնել Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև մի շարք մարզպետարաններ և համայնքապետարաններ։

ajax-loader