ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։
Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական շուկայում ավիաընկերության առաջիկա գործունեությանը և Հայաստան զբոսաշրջային հոսքերի ավելացմանը վերաբերող հարցեր։
Անդրադարձ է կատարվել նոր երթուղիների մշակման, Հայաստանում չվերթների ավելացման հնարավորություններին, ինչպես նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։
Նախարարը նշել է, որ անհրաժեշտ է մշակել և հայկական կողմին ներկայացնել առաջարկների և գործողությունների քարտեզ, որոնք կքննարկվեն և ըստ առաջնահերթությունների կկայացվեն որոշումներ։
Հիշեցնենք, որ WizzAir-ը հունգարական բյուջետային ավիաընկերություն է, որը ստեղծվել է 2003 թվականի սեպտեմբերին՝ Վեչեշում կենտրոնակայանով։ Գլխավոր ներդրողը դարձել է ամերիկյան Indigo Partners մասնավոր ընկերությունը, որն զզբաղվում է տրանսպորտի ոլորտում ներդրումներով: Ավիաընկերությունը առաջին չվերթն իրականացրել է 2004 թվականի մայիսին՝ Կատովիցեից։
2019 թվականին Wizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության գծով տնօրենը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է 2020 թվականին չվերթներ իրականացնել նաև դեպի Հայաստան ։ 2020 թվականի մարտին Wizz Air -ի առաջին չվերթը Վիեննա-Երևան-Վիեննա էր։
Ընդհանուր առմամբ, ավիաընկերության երթուղային ցանցն ունի ավելի քան 100 քաղաք՝ աշխարհի 32 երկրներում:
Հայաստանի Վիճակագրական կոմիտեի տվյալներով ՝ օդային տրանսպորտով ուղևորափոխադրումները 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կրճատվել են տարեկան 0,9 տոկոսով ՝ կազմելով 4 987,9 հազար մարդ։
Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստան է այցելել 2.14 մլն զբոսաշրջիկ, ինչը 7.4%-ով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին։