Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա

Wildberries-ը մուտք է գործել չինական շուկա, այս մասին ռուսական РБК-ին հայտնել է առցանց առևտրի հարթակի հիմնադիր և սեփականատեր Տատյանա Բակալչուկը։

«Այժմ մենք սկսում ենք աշխատել Չինաստանից արտադրողների և վաճառողների հետ. նրանք ուղղակիորեն իրենց արտադրանքը կմատակարարեն մեր հարթակ բոլոր երկրներում, որտեղ մենք ներկայացված ենք»,- ասել է նա։

Տատյանա Բակալչուկը հավելել է, որ ռուսական բիզնեսը մնում է առաջնահերթություն, և չինական շուկա դուրս գալը որևէ կերպ չի ազդի ռուսական շուկայի վրա։ Արտասահմանում ընկերության գործունեությունից ստացվում է ընդհանուր շրջանառության մոտ 10%-ը, մնացածը ստացվում է Ռուսաստանից։

Դեռ ամռանը հաղորդվում էր, որ Wildberries-ը պատրաստվում է մուտք գործել չինական շուկա։ Ընկերությունը հայտեր է ներկայացրել Սինգապուրում, Թաիլանդում, Հնդկաստանում, Ճապոնիայում, Վիետնամում, Մալայզիայում, Ինդոնեզիայում, Ֆիլիպիններում, Մոնղոլիայում, Աֆղանստանում և Հյուսիսային Կորեայում։

Այսօր Wildberries-ը գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Ղրղզստանում, Իսրայելում և Ադրբեջանում։ Նախկինում ընկերությունը գործում էր նաև ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում և Իսպանիայում, սակայն 2022-ի փետրվարից այն դուրս է եկել այդ երկրներից։

Wildberries-ը Ռուսաստանում առցանց առևտրի ամենամեծ շուկան է: Այս տարվա առաջին կիսամյակում ապրանքների և ծառայությունների վաճառքից շրջանառությունն աճել է գրեթե 100%-ով և կազմել 1,22 տրիլիոն ռուբլի։

ajax-loader