USAID-ը լրացուցիչ 33 մլն դոլար կներդնի Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) մտադիր է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել Հայաստանի տնտեսությունում։ Այդ մասին ասվում է USAID-ի ղեկավար Սամանթա Փաուերի տեսաուղերձում։

Նա հիշեցրել է, որ 2022 թվականից գործակալությունը կրկնապատկել է իր ներդրումները Հայաստանի տնտեսությունում։

«Դա ներառում է կանանց և երիտասարդների վերապատրաստում աշխատավայրում՝ նոր տնտեսության մեջ նրանց ավելի մրցունակ դարձնելու նպատակով, աշխատանք ՀՀ կառավարության հետ՝ նոր նորմատիվ ակտերի ընդունման ուղղությամբ, որոնք բարելավում են ներդրումային միջավայրը՝ դրանց ներմուծումն ու արտահանումն ամրապնդելու համար: Այս ամենը տալիս է իր պտուղները, և մենք տեսնում ենք, որ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը միայն վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 17 տոկոսով։ Ես հնարավորություն ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացնել, որ ԱՄՆ ՄԶԳ-ը պատրաստվում է լրացուցիչ 33 մլն դոլար ներդնել այդ կարևոր առաջընթացի զարգացման համար»,- նշել Է Փաուերը։

Վերջում նա արձանագրել է, որ ԱՄՆ-ը, ԱՄՆ ՄԶԳ-ն, ԱՄՆ ժողովուրդը լի են վճռականությամբ՝ օգնելու Հայաստանին ցույց տալ, որ ժողովրդավարությունն իսկապես պտուղներ է տալիս:

ajax-loader