Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանում. Transparency International

Հայաստանում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը շատ ավելի լավ է, քան Ադրբեջանում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունվարի 30-ին ասել է Transparency International-ի հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Նա ավելացրել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կոռուպցիայի ընկալման համաթվի գծով լավագույն ցուցանիշն ունի Վրաստանը, այնուհետեւ՝ Հայաստանը, եւ հետո նոր Ադրբեջանը։ «Վրաստանի համաթիվը 2023թ. կազմել է 53՝ իջնելով երեք կետով։ Ադրբեջանի համաթիվը կազմել է 23, Հայաստանինը՝ 47»,- ընդգծել է Հոկտանյանը։

Նա նշել է, որ որքան ընկալման համաթիվը ցածր է 50 միավորից, այնքան ավելի վատ է իրավիճակը երկրում կոռուպցիայի հետ կապված։ «Համաթվի միջին համաշխարհային ցուցանիշները կազմում են 43 միավոր։ 2023թ. լավագույն երկրներ են ճանաչվել Դանիան՝ 93 համաթվով, Ֆինլանդիան՝ 87 եւ Նոր Զելանդիան՝ 85։ Վատագույն երկիր է ճանաչվել Սոմալին»,- ավելացրել է փորձագետը։

Նա տեղեկացրել է, որ հետընթաց են գրանցել նաեւ Թուրքիան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Սերբիան եւ այլ երկրներ։

«Նկատի ունենալով այն տարածաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, եւ մեզ շրջապատող հարեւաններին, Հայաստանը պետք է ավելի արդյունավետ օգտագործեր ներքին ռեսուրսները»,- նշել է Հոկտանյանը։ ՀԿ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ կոռուպցիայի բարձր մակարդակը բացասաբար է ազդում քաղաքացիների մոտիվացիայի վրա։

ajax-loader