Ավելի վառ, ավելի թանկ․ Toyota Tundra 2026

2026 թվականի համար ԱՄՆ-ում թարմացվել է ոչ միայն Sequoia ամենագնացը, այլև Toyota Tundra լիաչափ պիկապը։ Թարմացումները շատ չեն, բայց դրանք վերաբերում են ինչպես արտաքին տեսքին, այնպես էլ սարքավորումներին։ Միևնույն ժամանակ մեքենայի գինը բարձրացել է․ հիմա ԱՄՆ-ում բազային տարբերակն արժե 41 260 դոլար, ինչը 1170 դոլարով ավելի է:

Ինչպես Sequoia-ի դեպքում, Tundra-ի արտաքին ձևավորման գլխավոր նորույթը դարձյալ Wave Maker անվանումը ստացած երկնագույն մետաղական ներկն է, որը հասանելի է միայն TRD Pro տարբերակի համար։ Բացի այդ՝ բոլոր կոմպլեկտացիաներն այժմ ստանում են քարշակման հարմարանք և 7/4 pin միակցիչներ։

SX փաթեթը համալրվել է նոր՝ 20-դյույմանոց անվահեծերով, իսկ TRD Rally փաթեթը այժմ կարելի է համալրել 3-դյույմանոց (76 մմ) բարձրացվող կախոցով (lift kit) և Tow Tech փաթեթով, որն ավելի հարմար է քարշակման համար։

Limited տարբերակում արհեստական SofTex կաշվի փոխարեն այլևս օգտագործվում է բնական կաշի: Իսկ ֆլագման Capstone-ի համար, որի գինը 80 800 դոլար է, առաջարկվում է նոր Shale անվանումով ներքին հարդարում, փայտյա դետալներով և դարչնագույն շեշտադրումներով։

TRD Pro տարբերակն այժմ կարելի է պատվիրել նոր ISO Dynamic նստատեղերով, որոնք արդեն օգտագործվում են Tacoma TRD Pro-ի մեջ։ Դրանք նախատեսված են բարձրացնել վարորդի և ուղևորների հարմարավետությունը անցանելիության բարդ պայմաններում։

Թարմացվել է նաև կլիմայական համակարգը: Բացի այդ, Double Cab տեսակի թափք ունեցող մեքենաների մեջ կենտրոնական կոնսոլի վրա ավելացվել են օդափոխիչներ՝ հետնամասի ուղևորների համար։

Շարժիչային ընտրացանկը մնացել է նույնը, բայց կարևոր թարմացում կա վառելիքի բաքի առումով: Այժմ բոլոր Tundra-ները ստանում են ստանդարտ՝ 122-լիտրանոց մեծացված բաք։

ajax-loader