Ամերիկյան The National Interest պարբերականն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությանը՝ նշելով, որ Հայաստանի ղեկավարը, չնայած ներքին քննադատությանը, ջանասիրաբար աշխատում է Կովկասում խաղաղության և ինտեգրման համար։
Պարբերականում հրապարակված հոդվածում, որի հեղինակը Ջոզեֆ Էփշտեյնն է, նշվում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունն ուշագրավ է։
«2018-ի թավշյա հեղափոխության ժամանակ իշխանության գալուց ի վեր, դժվարին իրավիճակում գտնվող վարչապետը դիմակայել է 2020-ի ղարաբաղյան պատերազմի հետևանքներին, Կրեմլի կողմից աջակցվող Հայ Առաքելական եկեղեցու բացահայտ թշնամանքին և ենթադրյալ հեղաշրջման փորձերին։ Ադրբեջանի հետ խաղաղության և Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի նրա ձգտման հետևանքով նա ձեռք է բերել հզոր հակառակորդներ՝ Ռուսաստանի կառավարությունից մինչև սփյուռքի կազմակերպություններ ու Հայաստանի նախկին ղեկավարներ»,- ասվում է հոդվածում և նշվում, որ վերջնական խաղաղության համաձայնագրի և հաջորդ տարի սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ մեկտեղ խաղադրույքները չէին կարող ավելի բարձր լինել։
Ըստ հոդվածի հեղինակի՝ եթե Փաշինյանը դիմանա, նա կարող է Հայաստանը տանել դեպի երկար սպասված խաղաղության դարաշրջան, իսկ եթե պարտվի (խորհրդարանական ընտրություններում, – խմբ), երկիրը վտանգի տակ է դնելու Մոսկվայի ուղեծիր վերադառնալը, ինչպես դա արեց հարևան Վրաստանը, իսկ հակամարտությունը Հարավային Կովկասում կարող է վերսկսվել։
Էփշտեյնը կարծում է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գովաբանել է Փաշինյանի քաջությունը։
«Երեսուն տարի տևած դաժան հակամարտությունից հետո Ադրբեջանի հետ խաղաղության հասնելը, հատկապես Բաքվի տարած հաղթանակից հետո, քաղաքականապես դժվար էր։ Եթե Վաշինգտոնը ցանկանում է ապահովել այդ խաղաղությունը, ապա պետք է նաև ապահովի Փաշինյանի քաղաքական գոյատևումը»,-գրում է հեղինակը։
Էփշտեյնի կարծիքով՝ Միացյալ Նահանգները կարող է օգնել Նիկոլ Փաշինյանին ապացուցել, որ իր քաղաքականությունը բերում է շոշափելի օգուտներ:
Ըստ հեղինակի՝ Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության և արհեստական բանականության զարգացող ոլորտի ռազմավարական ներդրումները կարող են խթանել տնտեսությունը, ստեղծել աշխատատեղեր և ամրապնդել Հայաստանի դերը որպես հիմնական տարանցիկ հանգույց:
«Վաշինգտոնը պետք է նաև դիմադրի սփյուռքի լավ ֆինանսավորվող խմբերի ճնշմանը, որոնք դեմ են խաղաղությանը, չնայած չեն կրում վերսկսված պատերազմի հետևանքները: Հուսադրող է, որ Հայաստանը սկսում է տեսնել իր խաղաղության ջանքերի առաջին շոշափելի արդյունքները։ Այս շաբաթ Ադրբեջանը հայտարարեց, որ թույլ կտա ապրանքների տարանցումը դեպի Հայաստան, և ղազախական ցորենի առաջին խմբաքանակը շուտով կանցնի Ադրբեջանի տարածքով՝ համեստ, բայց խորհրդանշականորեն կարևոր քայլ դեպի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիա»,-շեշտվում է հոդվածում։
Ըստ Ջոզեֆ Էփշտեյնի՝ Հայաստանի դերը որպես տարանցիկ հանգույց անմիջական նշանակություն ունի ԱՄՆ շահերի համար. միջին միջանցքը՝ Արևելյան Ասիայից դեպի Եվրոպա կարևոր ցամաքային առևտրային ուղին, որը շրջանցում է Ռուսաստանը և Իրանը, ներկայումս անցնում է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքով, սակայն Վրաստանի կողմնորոշումը դեպի Մոսկվա իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրոք, կասկածի տակ է դնում դրա հուսալիությունը: Հայաստանը կարող է ծառայել որպես կարևոր այլընտրանք:
«Փաշինյանը սա կանխատեսեց, երբ 2023 թվականի հոկտեմբերին մեկնարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ պատկերացնելով Հայաստանը որպես տարածաշրջանային կապող օղակ՝ երկաթուղիների, մայրուղիների, խողովակաշարերի և էլեկտրահաղորդման գծերի վերականգնման միջոցով: Տասնամյակներ շարունակ Հայաստանի տարածաշրջանային մեկուսացումը պայմանավորված էր Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմաններով՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Այժմ, խաղաղության համաձայնագրով, որը շուտով կարող է վերաբացել այդ սահմանները, Հայաստանն ունի եզակի հնարավորություն՝ հաստատվելու որպես Արևելք-Արևմուտք կարևորագույն տարանցիկ հանգույց, հատկապես այն պատճառով, որ Ռուսաստանի, Իրանի և Կարմիր ծովի տարածքով անցնող երթուղիները կորցնում են կայունությունը համաշխարհային հակամարտությունների պատճառով»,-ընդգծում է հեղինակն ու հավելում՝ Մոսկվան, հավանաբար, մի կողմ չի քաշվի, քանի որ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ միայն չի լքում Հարավային Կովկասը, այլև չի թուլացնում իր ուշադրությունը ո՛չ տարածաշրջանում տիրող իրավիճակի, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության՝ որպես եղբայրական և դաշնակից երկրի հետ հարաբերությունների նկատմամբ, և որ Շիրակում գտնվող Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգությանն աջակցող ամենակարևոր կառույցն է։
Էփշտեյնը գրում է, որ Ռուսաստանը, որը մի ժամանակ համարվում էր Հայաստանի անփոխարինելի դաշնակիցը, հանրային վստահության կտրուկ անկում է ապրել. 2019 թվականին հայերի 93 տոկոսը Երևան-Մոսկվա հարաբերությունների վիճակը գնահատել էր «լավ», 2024 թվականի սեպտեմբերին այդ թիվը նվազել էր մինչև ընդամենը 35 տոկոս։ Շատերը Ռուսաստանին համարում էին Հայաստանին դավաճանած պետություն Ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ Ռուսամետ գործիչների, ինչպիսին է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վիճակն ավելի վատ է, քանի որ նրա վարկանիշն այժմ կազմում է ընդամենը 2 տոկոս։
«Եթե Մոսկվային հաջողվի հեռացնել Փաշինյանին, այն, հավանաբար, կօգտագործի հայերի դժգոհությունն ու ազգայնականությունը՝ Ադրբեջանի հետ հակամարտությունը վերսկսելու համար՝ օգտագործելով անկայունությունը՝ երկու կողմերին միմյանց դեմ հանելու և նրանց ռուսական ազդեցությունից կախված պահելու համար, ինչպես դա ժամանակին արեց Ղարաբաղում։ Փաշինյանին հաջողության հասնելու գործում օգնելը Վաշինգտոնի համար պարզապես մեկ առաջնորդի գոյատևումը չէ. դա նշանակում է ապացուցել, որ խաղաղությունն ու ինքնիշխանությունը կարող են համակեցություն ունենալ հետխորհրդային տարածքում: Հայաստանի ապագան, և, հնարավոր է, Հարավային Կովկասի կայունությունը, կախված է դրանից»,-եզրափակում է Ջոզեֆ Էփշտեյնը։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ