Tesla-ն 2026 թվականի երկրորդ եռամսյակում կսկսի լիովին ինքնավար երկտեղանոց Cybercab էլեկտրամեքենաների արտադրությունը: Այդ մասին հայտնել է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը։
«Այս մեքենան կենդանի էակի տպավորություն կթողնի։ Ահա թե որքան լավը կլինի արհեստական բանականությունը»,– ասել է նա անցած եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդաժողովի ընթացքում։

Cybercab-ը ներկայացվել էր անցած տարի։ Այն չունի ղեկ և ոտնակներ։
Բացի այդ, Tesla-ն նախատեսում է մինչև ընթացիկ տարվա ավարտն ամբողջությամբ ավտոմատացնել իր ռոբոտաքսիների ծառայությունը Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։
Ընկերությունն այս տարվա ամռանը գործարկել է ծառայությունը Օսթինում և Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում։ Օսթինում ուղևորությունները կատարվում են վարորդի հսկողությամբ, ով նստում է ուղևորի տեղում։ Սան Ֆրանցիսկոյի ծովածոցի շրջանում անվտանգության պատասխանատուն զբաղեցնում է վարորդի տեղը։ Երկու վայրերում էլ ծառայությունները մատուցվում են սպասման ցանկի հիման վրա։

Մասկի խոսքով՝ Tesla-ն միտումնավոր չի շտապում ընդլայնել ծառայությունը։
«Ընդամենը մեկ ավտովթար ամբողջ աշխարհում կհայտնվի թերթերի առաջին էջերին»,– ասել է նա։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ