Հորդառատ անձրևների և Դեբեդ գետի հեղեղման արդյունքում խցանված էին ջրանցքները, որոնք նախատեսված էին գետի պոմպերով (հող, ավազ և մանրաքարեր) հեղեղված ջրերը հեռացնելու համար, տեղեկացնում է Teghout Mining-ը։
Ստորև ներկայացնում ենք ընկերության տարածած հայտարարությունը․
«Ամբողջությամբ ջրալցված էին պարզեցման լճակը, որտեղ հավաքվում է հարստացուցիչ ֆաբրիկայում փակ ցիկլով հանքաքարի վերամշակման համար օգտագործվող ջուրը և Դեբեդ գետի վրա գտնվող ընկերության պոմպակայանը՝ իր սարքավորումներով, ինչպես նաև «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը 3 տեղ ողողված էր:
Այս ամենն անհնարին էր դարձրել հանքաքարի արդյունահանման և վերամշակման աշխատանքների շարունակումը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի առաքումը գնորդներին:
Շուրջօրյա ռեժիմով իրականցվել է «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհի վերականգնման աշխատանքներ և արդյունքում ճանապարհն արդեն անցանելի է:
Ներկա պահին իրականացվում են Դեբեդ գետի պոմպակայանի մաքրում հողից և քարերից, պոմպակայանում տեղադրված էլեկտրասարքավորումների ստուգում և նորոգում, ինչպես նաև մաքրվում է պարզեցման լճակի պոմպը:
Հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրական գործունեությունը կվերականգնվի թվարկված հետևանքների վերացումից անմիջապես հետո»: