Պակիստանը մտադիր է ճանաչել Հայաստանը որպես ՄԱԿ-ի անդամ երկիր, ինչի դիմաց «կանաչ լույս» կստանա Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու համար։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Պակիստանն իսկապես ծրագրում է դա անել, իսկ որպես պատասխան քայլ՝ համաձայնություն ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցելու հարցի շուրջ», – ասել է ՄԱԿ-ում գործակալության զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ դիվանագիտական աղբյուր նշել է, որ համապատասխան ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ «Ամեն դեպքում, սա տեսանելի հեռանկար է», – հավելել է զրուցակիցը։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այս հարցում խոչընդոտներ չի թողել։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օրերս հայտարարել է, որ ռուսական կողմը ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերսկսումը՝ այն անվանելով «առաջընթացի քայլ»։
Սեպտեմբերի 1-ին, Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա պակիստանցի գործընկեր Իսհաք Դարը հանդիպում են ունեցել։ Բանակցությունների արդյունքում երկու երկրների արտգործնախարարները կոմյունիկե են ստորագրել՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։
Հայաստանի անկախության հռչակումից հետո, վերջինս դիվանագիտական հարաբերություններ չուներ Պակիստանի հետ՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Իսլամաբադի դիրքորոշման պատճառով։ Ավելին, երկար տարիներ Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինայում Պակիստանը նշված է եղել որպես ազգային անվտանգության սպառնալիք։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրել են խաղաղության համաձայնագիր, որից հետո կողմերը հայտարարել են տարածաշրջանում խաղաղության հաստատման մասին։
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ