Ադրբեջանի կառավարությունը СОР 29 բնապահպանական գագաթաժողովի նախօրեին որոշել է ընդլայնել պոչամբարը, որը նախկինում արդեն դարձել է տեղի բնակիչների զանգվածային բողոքների պատճառը։
Մեկ տարի առաջ Սոյուդլու գյուղում ջրահեռացման ջրամբարի կառուցումը զանգվածային բողոքներ էր առաջացրել։ Բողոքները վերածվել էին բախումների ոստիկանության հետ, տուժել էին տասնյակ մարդիկ, եղել են ձերբակալվածներ։ Այդ ժամանակ բնակիչները բողոքում էին «Գյադաբեյ» հանքավայրում արհեստական ջրամբարի կառուցման դեմ ոսկու հանքից արդյունահանման ժամանակ քիմիական մաքրման հոսքերի համար։ Ավելի վաղ այդ նպատակով կառուցված ջրամբարը արդեն լցվել էր, եւ սկսվել էր նոր արհեստական լճի կառուցումը գյուղացիների հողահանդակներում։ Գյուղացիների խոսքով՝ լճերի կառուցումը, որտեղ հոսում են թթվաջրերը, բացասական ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի եւ մարդկանց առողջության վրա։ Սակայն նրանց դիմումները պետական մարմիններ իզուր էին։ Ոստիկանությունը ցրեց ակցիան՝ ուժ կիրառելով անգամ կանանց դեմ։
Նախօրեին՝ օգոստսոի 5-ին, «Azerbaijan International Mining Company Limited» («AIMC»)-ը՝ «Anglo Asian Mining»-ի դուստր ընկերությունը, որը ոսկի, պղինձ եւ արծաթ է արտադրում Ադրբեջանում, ստացել է այդ երկրի կառավարության թույլտվությունը՝ ընդլայնելու պոչամբարները Գյադաբեյում։ Այս մասին APA-ին ասել է ընկերության գործադիր տնօրեն Ռզա Վեզիրին։ Նրա խոսքով՝ օգոստոսի 5-ին ստացվել է Ադրբեջանի կառավարության թույլտվությունը՝ մնացորդների համար նախատեսված ամբարտակը բարձրացնելու համար։ Ռ.Վեզիրին ավելացրել է, որ լիարժեք արտադրրությունը նախատեսվում է վերսկսել առաջիկա շաբաթվա ընթացքում։
Պարբերականը նշել է, որ անցած տարվա հուլիսի 14-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի որոշմամբ ընկերության գործունեությունը Սոյուդլուի ոսկու հանքում ժամանակավորապես դադարեցվել էր, ինչպես նաեւ իրականացվել էր «Anglo Asian Mining»-ի գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգ։
«Anglo Asian Mining» ընկերությունը Ադրբեջանում իրականացնում է ոսկու արդյունահանում արտադրանքի բաժանման մասին համաձայնագրի շրջանակում, որը ստորագրվել է 1997թ. օգոստոսի 21-ին։ Պայմանագրի համաձայն՝ Ադրբեջանի բաժինը կազմում է 51 տոկոս, իսկ բրիտանական ըկերության բաժինը՝ 49։