Silicon Mountains 2025․ Նուբար Աֆեյանը՝ AI-ի մասին

Արհեստական բանականությունը փոխում է գիտական մտածողության սահմանները՝ մարդուն դարձնելով առավել ստեղծագործ և արդյունավետ էակ։ Այդ մասին  Silicon Mountains 2025թ. տեխնոլոգիական գագաթնաժողովի իր ելույթում  նշեց Flagship Pioneering ընկերության հիմնադիրն և գլխավոր գործադիր տնօրեն, Moderna-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

Աֆեյանի խոսքով՝ մարդկությունը կանգնած է նոր դարաշրջանի շեմին, որտեղ գիտությունը վերածվելու է ծառայության, և գիտական փորձարկումները հնարավոր են դառնալու արագ, բազմակի և ինքնավար կերպով:

«Գիտությունը դառնալու է ծառայություն՝ ոչ թե տվյալներ արտադրող, այլ գաղափար ստեղծող համակարգ։ Մարդիկ կկարողանան միաժամանակ հարյուրավոր փորձարկումներ անցկացնել և հաջորդ օրը ստանալ արդյունքներ»,-ասաց Աֆեյանը։

Նա ընդգծեց, որ արհեստական բանականության զարգացումը չի նշանակում մարդկային մտքի փոխարինում․ այն ընդամենը հնարավորություն է՝ մարդուն օգնելու մտածել ավելի լայն և խորը։

«Հիմա մենք մտնում ենք մի դարաշրջան, որը ընդլայնելու է մարդու իմացածի սահմանները։ Եթե գիտնականը կարող է մեկ ամիս փորձ կատարել, ապա արհեստական բանականությունը նույն բանը կարող է անել հազար անգամ ավելի արագ՝ համադրելով միլիոնավոր փորձերի արդյունքներ»,- նշեց նա։

Աֆեյանի համոզմամբ՝ առաջիկա տարիներին արհեստական բանականության կիրառությունը կփոխի գիտության բոլոր ճյուղերը՝ քիմիայից մինչև կենսաբանություն, և կմեծացնի մարդկային ստեղծագործ մտքի ազդեցությունը:

«Առաջիկա երկու տարիներին մենք ակնկալում ենք շոշափելի առաջընթաց։ Արդյունավետությունը բազմակի անգամ կաճի, և գիտությունը կսկսի զարգանալ այնպես, ինչպես էվոլյուցիան՝ միաժամանակ առաջ բերելով տասնյակ նոր տեսակներ»,-ասաց նա։ 

Ամփոփելով խոսքը՝ Աֆեյանը մեջբերեց Ջորջ Բեռնարդ Շոուի խոսքերը՝ ընդգծելով երևակայության ուժը․ «Երևակայությունը ստեղծման սկիզբն է. ինչ ուզում ես, այն պատկերացնում ես, ուզում ես անել այն, ինչ պատկերացնում ես և ստեղծում ես այն, ինչ ուզում ես»։ 

«Արհեստական բանականության շնորհիվ մենք կարող ենք ավելի լավ պատկերացնել, ավելի լավ կառուցել և լինել ավելի ստեղծագործ»,- եզրափակեց Աֆեյանը: 

ajax-loader