SADA, An Insight company-ն, որն ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է և տրամադրում է Google Cloud-ի վրա հիմնված լուծումներ, Երևանում անցկացվող WCIT2024/DigiTec-ին մասնակցող հայտնի ընկերությունների շարքում էր:
«Արմենպրես»-ի հետ զրույցում SADA-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Մայլս Ուորդը WCIT2024/DigiTec-ի շրջանակներում ներկայացրեց ընկերության գործունեության մանրամասները, պատմեց, թե ինչպես է ընկերությունը ներդնում արհեստական բանականությունը բիզնեսի մեջ, թե ինչ մարտահրավերներ կան այդ գործում: Զրուցեցինք նաև WCIT 2024-ին ընկերության մասնակցության և SADA-ի հայաստանյան գրասենյակի գլոբալ մատակարարման ծառայությունների մասին: Նա հավելեց, որ ընկերությունն իր հաճախորդների հետ միասին ստեղծել է արհեստական բանականության հարյուրավոր հավելվածներ, իսկ եթե հաճախորդները չունեն զարգացման արդյունավետ հարթակ, տվյալների պլատֆորմ կամ անվտանգության համակարգ, ապա SADA-ն օգնում է նրանց նախապատրաստվել արհեստական բանականության ոլորտի հետագա զարգացումներին:
-Ինչպե՞ս կգնահատեք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովում (WCIT 24) և DigiTec-ում տիրող մթնոլորտը:
-Էներգետիկան շատ մեծ է այստեղ։ Կան շատ ստեղծագործ մարդիկ, ովքեր քրտնաջան աշխատում են նորարարություններ ստեղծել: Բոլորն իմ նման հետաքրքրված են։ Ես իսկապես սիրում եմ այսպիսի միջոցառումներ, քանի որ մենք բոլորս կարող ենք տեսնել, թե մեզանից յուրաքանչյուրն ինչի վրա է աշխատում։

-Արհեստական բանականությունը (AI) շարունակում է վերափոխել արդյունաբերությունը, և Ձեր պանելային քննարկումը նվիրված է բիզնեսի մեջ արհեստական բանականության ներդրմանը: Ո՞րն եք համարում ամենամեծ մարտահրավերը, բիզնեսների համար AI ներդնելիս:
-Կարծում եմ, որ շատ բիզնեսներ արդեն երկար ժամանակ փորձում են բարձրացնել իրենց տվյալների օգտագործման արդյունավետությունը: Արհեստական բանականությունը տվյալները դարձնում է շատ ավելի հզոր, օգտակար և, հետևաբար՝ արժեքավոր: Հնարավոր է, որ այդ առումով որոշ ընկերություններ մի փոքր հետ են ընկել, քանի որ չունեն բոլոր անհրաժեշտ վահանակները (dashboard), որոնք կցանկանային ունենալ: Նրանց տվյալների բազայում այնքան էլ հեշտ չէ գտնել ճիշտ տեղեկատվությունը: Դա շատ կարևոր էր նախորդ տարի։ Այժմ դա իսկապես ավելի կարևոր է, քանի որ նրանց բոլոր օգտատերերն ու աշխատակիցները կարող են շատ ավելի արդյունավետ դառնալ, եթե արհեստական բանականությունը մուտքի հասանելիություն ունենա այդ կարևոր տվյալներին:
-Որպես Google Cloud-ի գեներատիվ AI լուծումների առաջատար գործընկեր՝ SADA-ի փորձը ներառում է ենթակառուցվածքների արդիականացումը, ամպային անվտանգությունը, տվյալների վերլուծությունը և այլ ոլորտներ: Ինչպե՞ս եք օգնում Ձեր հաճախորդներին ինտեգրել Ամպային արհեստական բանականության ծառայություններն ավելի արդյունավետ գործառնությունների համար:
-Ճիշտ այնպես, ինչպես խոսեցինք տվյալների մասին, SADA-ի տրամադրած բոլոր տարբեր ծառայություններն ընկերություններին նախապատրաստում են արհեստական բանականության համար: Եթե դուք չունեք զարգացման արդյունավետ հարթակ, AI-ը կիրառելը դժվար կլինի: Եթե դուք չունեք տվյալների արդյունավետ հարթակ, AI-ով աշխատելը բարդ կլինի: Եթե դուք չունեք արդյունավետ անվտանգության համակարգ, ֆինանսական գործառնություններ, հուսալիություն ապահովելու համար անհրաժեշտ բոլոր գործիքներն, ապա AI-ի հետ բարդություններ կառաջանան: SADA-ն ստեղծում է նախադրյալները, առաջին անհրաժեշտ քայլերը և պատրաստ է օգնել, երբ դուք արդեն պատրաստ կլինեք արհեստական բանականության հետագա զարգացումներին: Մեր հաճախորդների հետ միասին ստեղծել ենք AI-ի հարյուրավոր ծրագրեր, և պարզվում է, որ սա շատ ավելի հեշտ է անել, երբ առկա է լինում կայուն հիմք:

-Ի՞նչ կասեք AI-ի օգտագործման էթիկական կողմի մասին: Ինչպե՞ս պետք է գործի բիզնեսը, երբ խոսքը վերաբերում է նորարարության և արհեստական բանականության հավասարակշռմանը՝ էթիկական նկատառումների և տվյալների գաղտնիության հետ:
-Կարծում եմ, որ գաղտնիությունը շատ կարևոր է: Մտածեք, թե որքա՞ն բարդ են այս տեխնոլոգիաները և որքա՞ն աշխատանք է պահանջվում տեխնիկական համակարգերն ինչ-որ մի օգտակար բանի մեջ զետեղելու համար: Պատկերացրեք մի մեքենա. դուք կարող եք մեկ ընկերությունից գնել այդ մեքենայի անվադողերն, իսկ մեկ այլ ընկերությունից գնել մեքենայի ղեկը, սակայն դրանք միգուցե այնքան էլ միմյանց համապատասխան չլինեն: Google Cloud-ն ունի լուծումների մի ամբողջ շարք․ բոլոր տարբեր համակարգերը մշակվել են համատեղ աշխատելու համար: SADA-ն ծանոթ է լուծումների ամբողջ շարքին, այնպես որ դուք ստիպված չեք լինի պատկերացնել կամ պարզել, թե ինչպես դրանք միասին աշխատեցնել: Մեր փորձագիտական թիմերն օպտիմիզացնում են այս ամենն՝ օգնելու ընկերություններին պահպանել իրենց տվյալների գաղտնիությունը: Մեր համակարգերը հերմետիկ են, դա տեխնիկական տերմին է, որը թույլ է տալիս ապահովել բիզնեսի անվտանգությունը: Եթե Google-ը խնդիրներ ունենար տվյալների հետ, դա լուրջ ռիսկ կլիներ համաշխարհային ապրանքանիշի համար: Բոլորը գիտեն, որ Google-ը գործ ունի աշխարհի բոլոր տվյալների հետ, կազմակերպում և օգտակար է դարձնում դրանք: Եթե դուք չունես լավագույն գաղտնիության վերահսկողությունն աշխարհում, ինչպե՞ս կարող են բիզնեսներն ունենալ այդ վստահությունը: Մենք շատ հպարտ ենք Google-ի հետ համագործակցությամբ։ Ես ինձ շատ ավելի վստահ եմ զգում՝ իմ հաճախորդներին գաղտնիության խոստումներ տալով՝ շնորհիվ այն բանի, թե որքան հարուստ են Google-ի գործիքները:

-Անդրադառնանք SADA-ի հայաստանյան գրասենյակին։ Որո՞նք են հայաստանյան գրասենյակի հնարավորությունները և ի՞նչ կարող է այն առաջարկել հայաստանյան և տարածաշրջանային տեխնոլոգիական ընկերություններին:
-Մենք այնպես կառուցեցինք Հայաստանի թիմը, որպեսզի SADA Armenia-ն կարողանա կրկնօրինակել բոլոր այն տեխնիկական հմտությունները, որոնք մենք առաջարկում ենք աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Լուծումների ճարտարապետներ, տվյալների ինժեներներ, ծրագրավորողներ, հավելվածների դիզայներներ, AI խորհրդատուներ. այս բոլոր մասնագետներն ունեն բարձրակարգ հմտություններ հենց այստեղ՝ Հայաստանում, և նրանք վերապատրաստում են անցնում Միացյալ Նահանգների ինժեներների հետ՝ միասին աշխատելով նախագծերի վրա ինչպես իրենց տարածաշրջաններում, այնպես էլ ամբողջ աշխարհում: Եթե Հայաստանում գործող իմ թիմն ԱՄՆ-ից օգնության կարիք ունի, նա դրա հասանելիությունն ունի, եթե ԱՄՆ-ի թիմին է օգնություն անհրաժեշտ, ապա տաղանդավոր մասնագետների հասանելիություն կարող է ունենալ այստեղ՝ Հայաստանում։ Անկախ նրանից, թե որ տարածաշրջանում են գտնվում հաճախորդները, նրանք հասանելիություն ունեն տեղական հիանալի ռեսուրսին, որը գտնվում է նույն ժամային գոտում, որի հետ հեշտ է շփվել և ունի բոլոր անհրաժեշտ հմտությունները հաջողություն գրանցելու համար: Ժամանակի ընթացքում մենք ընդլայնում ենք մեր գլոբալ թիմը, որպեսզի վստահ լինենք, որ քայլում ենք նորարարություններին համընթաց:

-SADA-ի գլխավոր գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանն ամուր կապ ունի Հայաստանի հետ։ SADA-ն, ի թիվս այլ բաների, այստեղ հայտնի էր նաև որպես ընկերություն, որը հիմնադրվել էր հայ ներգաղթյալ ընտանիքի կողմից։ Մենք տխրեցինք լսելով ընկերությունից նրա հեռանալու մասին: Այս զարգացումներից հետո փոփոխություններ կլինե՞ն, և ինչպե՞ս է SADA-ի հայաստանյան գրասենյակը շարունակելու առաջ շարժվել:
-Թոնին ստեղծել է անհավանական բիզնես, որի մի մասնիկը լինելու համար ես հպարտ եմ: Նրա ժառանգությունը շատ ավելի երկար կյանք կունենա, քան նրա 24 տարվա ծառայությունն այս ընկերությունում: Ոչինչ չի փոխվի SADA-ի Հայաստանի տեսլականում և ներդրումներում, քանի որ մենք փորձում ենք օգնել այս տարածաշրջանի ընկերություններին հաջողության հասնել: Մեր թիմը հավատարիմ է այս բիզնեսում զարգացմանը և ամբողջ տարածաշրջանում բիզնեսների հաջողության հասնելու գործին, մասամբ՝ շնորհիվ այն տեխնիկական հմտությունների, որոնք առկա են այստեղ՝ Հայաստանում:

-Շնորհակալություն այս հնարավորության համար և կրկին՝ ուրախ ենք ողջունել Ձեզ Հայաստանում:
-Շնորհակալ եմ:

Որպես SADA, an Insight company-ի գլխավոր տեխնիկական տնօրեն՝ Մայլս Ուորդը պատասխանատու է SADA-ի ամպային ռազմավարության և լուծումների համար: Նրա պարտականությունների շրջանակը ներառում է մեծ տվյալների և վերլուծության, հավելվածների միգրացիայի, ենթակառուցվածքների ավտոմատացման և ծախսերի օպտիմալացման ոլորտում հաջորդ սերնդի լուծումները, ինչպես նաև ինժեներական մշակույթի ամրապնդումը և հաճախորդների հետ համագործակցությունը՝ Google Cloud-ին վերաբերող ամենաբարդ և հավակնոտ պլանների շուրջ։
Նախկինում Մայլսը զբաղեցրել է Google Cloud-ի տնօրենի և լուծումների գլոբալ ղեկավարի պաշտոնը: Նա հիմնել է Google Cloud-ի լուծումների ճարտարապետության պրակտիկան, ստեղծել է Style-Detection և Hummus AI API-ները, ստեղծել է CloudHero-ն, մշակել գնային և TCO հաշվիչներ, օգնել հազարավոր հաճախորդների՝ ներառյալ Twitter-ը, որը տեղափոխում էր աշխարհի ամենամեծ Hadoop կլաստերը հանրային ամպ։
Google-ին միանալուց առաջ Մայլսը օգնել է ստեղծել AWS Solutions Architecture թիմը: Նա գրել է առաջին AWS Well-Architected շրջանակը, առաջարկել Trusted Advisor-ը և Snowmobile-ը, ստեղծել GameDay-ը, աշխատել է Օբամայի 2012 թ. նախընտրական քարոզարշավի տեխնոլոգիական թիմում, օգնել NASA -ին հեռարձակել Curiosity մարսագնացի վայրէջքը և վերագործարկել է Skype-ը` անհրաժեշտ պահի:
Ստանալով Ուիլամետի համալսարանի հռետորաբանության և մեդիա ուսումնասիրությունների ոլորտում բակալավրի աստիճան՝ Մայլսը զբաղվել է երեք տեխնոլոգիական ստարտափերով է և նվագում է սուզաֆոն:
SADA, an Insight company-ն ամպային խորհրդատվության և պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի համաշխարհային առաջատար է, որը տրամադրում է Google Cloud-ի վրա հիմնված լուծումներ։ 2000 թվականից սկսած՝ SADA-ն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության և հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ թվային վերափոխման խնդիրները:
SADA-ն գրասենյակներ ունի Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Մեծ Բրիտանիայում և Հայաստանում, որոնց թիմերը տրամադրում են վաճառքի, հաճախորդների աջակցության և մասնագիտական ծառայություններ։ Լինելով Google-ի գեներատիվ AI լուծումների գծով առաջատար գործընկեր՝ SADA-ի փորձը ներառում է ենթակառուցվածքների արդիականացումը, ամպային անվտանգությունը և տվյալների վերլուծությունը:
SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 7 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում և Gartner Magic QuadrantTM 2023 զեկույցի համաձայն՝ ճանաչվել է ոլորտի նիշային դերակատար՝ Հանրային ամպային ՏՏ փոխակերպման ծառայություններ անվանակարգում։ SADA-ն 4 տարի անընդմեջ ընդգրկվել է Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակում:
2021 թվականին SADA-ն հայտարարեց Երևանում Գլոբալ մատակարարման կենտրոն (GDC) բացելու մասին։ SADA Armenia-ի սկզբնական նպատակները երկուսն են. ապահովել մատակարարման և աջակցության լրացուցիչ ծառայություններ՝ Google Cloud-ը կիրառող գլոբալ ընկերությունների համար և զարգացնել ՏՏ ոլորտի նպատակասլաց աշխատակիցների տեխնիկական հնարավորությունները՝ արագ զարգացող տարածաշրջանում, որը Եվրոպայում ճանաչելի տեխնոլոգիական հանգույց է դառնում։